«Շատ են ասում, որ զորքերի դուրսբերումը հանկարծակի եղավ։ Ես համաձայն չեմ նման ձեւակերպման հետ, որովհետեւ դա եղավ հանկարծակի, բայց անսպասելի չէր։ Եթե հիշում եք, նոյեմբերի 30-ին, երբ սկսվեց ռմբակոծումը, ասվեց ոչ պաշտոնական, որ 4 ամսից զորքերը դուրս են գալու։ Բացի այդ Պուտինն իր պաշտոնական ելույթներում մի քանի անգամ ասել է, որ իրենց վերջնական նպատակը չէ այնտեղ լինելը»,- «Մեդիա կենտրոնում» ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նա նշեց, որ քաղաքագետներին շատ է հետաքրքրում այդ հարցը, թե ինչպես եղավ, որ մի քանի ամսվա քաղաքական թոհուբոհերից հետո հանկարծ երկու մեծ տերությունները հայտարարի եկան. «Ես կարծում եմ, որ սա խնդրի լավ կողմն է։ Պատմությունը կրկնվում է կարծես թե։ Ես կարծում եմ, որ այստեղ հետաքրքիր երեւույթ տեղի ունեցավ։ Ինչպես եղել է 62 թվականին, երբ աշխարհը կանգնած էր պատերազմի եզրին եւ հանկարծ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը կարողացան հաշտության եզրեր գտնել, այնպես էլ հիմա է լինում կարծես թե»։
Ըստ նրա՝ երբ կողմերը տեսան, որ անցել են կարմիր գծից, եկան ընդհանուր հայտարարի. «Հիմա ասեմ, թե ինչու մտան եւ ինչու դուրս եկան։ Սա նաեւ ռազմական խնդիր էր, բայց միայն Սիրիային օգնելու խնդիր չէր լուծվում։ Այստեղ Ռուսաստանն ուներ աշխարհաքաղաքական մեծ խնդիրներ եւ սա բազմակողմ, բազմաբեւեռ աշխարհ ստեղծելու գործընթացի օղակներից մեկն էր։Ռուսաստանը վերադարձավ Մերձավոր Արեւելք եւ սա շատ կարեւոր էր նրա համար»։
Արման Նավասարդյանն ասաց, որ Ռուսաստանը Սիրիայից հեռանալով կարողացավ խնդիրը տեղափոխել դիվանագիտական մակարդակ. «Սա դարձավ միջազգային խնդիր, միջազգային իրավունքի տեսակետից։ ՄԱԿ-ը որոշումներ ընդունեց, Ժնեւում նստեցին բանակցային սեղանի շուրջը եւ վերջապես Ասադը դարձավ բանակցային կողմ։ Թե ինչպես կզարգանան գործընթացները, դժվարանում եմ ասել»։
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ