Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Լեւոն Զուրաբյանին (Տեսանյութ)

Մարտ 18,2016 15:52

«ԲՀԿ-ն պատրաստել է առաջարկների լայն փաթեթ, որը կներկայացնի ԸՕ-ի քննարկումների ժամանակ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ իրենց առաջարկները մոտ 30-ն են: Դրանցում տեղ են գտել քվեարկությունից հետո քվեարկած ընտրացուցակների հրապարակումը, լրագրողների եւ դիտորդների նկատմամբ սահմանափակման վերացումն ընդհանրապես, որ կուսակցություններն անպայման տեղամասերում մեկի փոխարեն երկու վստահված անձ ունենան: Նաեւ`հանձնաժողովի կողմից դիտորդին դուրս հրավիրման իրավասության, ազգային փոքրամասնությունների`ցուցակներում  պարտադիր ընդգրկման վերանայում:

«ԲՀԿ-ն խնդիր չունի, ավելին, ԲՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ ազգային փոքրամասնությունների ենթահանձնաժողով ունի, բայց դա բերելու է նրան, որ որոշ ընդդիմադիր ուժեր դուրս մնան ընտրական գործընթացներից»,- ասաց տիկին Զոհրաբյանը` հավելելով, որ իրենց համոզմամբ, ընդհանրապես խտրականություն է ազգային փոքրամասնությունների առանձին ցուցակի գոյությունը:

Լրագրողներից մեկը հիշեցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի պատասխանը հարցին`թե քանի՞ ընդդիմադիր ուժ գիտի քաղաքական դաշտում: Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ քաղաքական դաշտում մեկ իրական ընդդիմադիր ուժ է տեսնում`գուշակումը թողնելով լրագրողներին: Նաիրա Զոհրաբյանն այս առիթով ասաց, որ Լեւոն Զուրաբյանը չի որոշողը`ո՞վ է ընդդիմություն, ով`ոչ: «Մեզանում այնքան է աղճատվել ընդհանրապես ընդդիմություն հասկացությունը, որ ընդդիմությունը ընկալվում է բացարձակապես այն քաղաքական գործիչը, որը ինքնամոռաց հայհոյում է իշխանություններին: Ես չեմ ցանկանում որեւէ քաղաքական ուժի տարանջատել`ապագան ցույց կտա: Բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են, ընդդիմություն, ես ուզում եմ բոլորին իրապես համարել, որ իրենք ընդդիմություն են եւ չեն գործում ինչ-ինչ պայմանավորվածությունների շրջանակներում: Ես որեւէ քաղաքական ուժի անմեղության կանխավարկածը չեմ ցանկանում խախտել: Որոշողը ժողովուրդն է: Ժողովուրդն ամենազգայուն ինդիկատորն է, ժողովուրդը շատ լավ գիտի, թե ո՞վ է իրական ընդդիմություն: Ես չեմ ցանկանում` իրական, կեղծ, կառուցողական եւ այլ ընդդիմությունների բաժանել: Դուք էլ շատ լավ գիտեք ժողովրդի, հանրության վերաբերմունքը յուրաքանչյուր քաղաքական ուժի հանդեպ»,- ասաց նա:

Մանրամասները`տեսանյութում

«2017-ի ընտրությունները վերջին լակմուսի թուղթն են մեզ համար`կկարողանա՞նք անցկացնել այնպիսի ընտրություններ, որ հանրության մեջ ընտրական գործընթացների, քաղաքական ուժերի եւ գործիչների հանդեպ առկա ապատիան վերանա: Կստացվի`լավ, ոչ`հետեւությունները թողնում եմ ձեզ»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031