Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրը՝ առանց իր ներկայության

Մարտ 18,2016 15:21

Մարտի 19-ը Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է: Այս տարի այն կնշվի առանց մեծանուն դերասանուհու: 2015թ. նոյեմբերին նա լքեց մահկանացուների աշխարհը ու գնաց երկնային կյանքով ապրելու:

Ինչպես  Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն, արձակագիր Նելլի Շահնազարյանը, Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրը նրա արվեստի երկրպագուները, Հայաստանի թատերական գործիչների միության ու Մայր թատրոնի ներկայացուցիչները կայցելեն Պանթեոն:

«Այնքան թարմ է ամեն ինչ, որ դեռ հուշ չի դարձել, կարծես թե այցելության ենք գնում իրեն, ոչ թե Պանթեոն, այ, այդքան վառ է նրա հիշատակը: Դեռ չենք հաշտվել այն մտքի հետ, որ նա չկա: Ի դեմս Վարդուհի Վարդերեսյանի, հայ թատրոնը կորցրեց իր վերջին մոհիկաններից մեկին, լեգենդար արվեստագետի, որ թերեւս կին ճանաչված արտիստուհիներից ամենաերկարակյացն էր բեմական կյանքի առումով: Կարելի է ասել, նա մինչեւ վերջին պահն էլ աշխատեց բեմում, եթե ներկայացումներին մասնակցելու համար հոգնում էր տարիքի պատճառով, այնուամենայնիվ, գրական, երաժշտական կոմպոզիցիոն երեկոների էր մասնակցում:

Ընդամենը մահից մեկ շաբաթ առաջ նա վերջին անգամ բեմ բարձրացավ, որը կարծես յուրատեսակ հրաժեշտ էր բեմին: Պահանջի նման եղավ վերջին բեմ բարձրանալը, խնդրեց, որ կազմակերպվի մի երեկո իր համար, որը կայացավ Կամերային թատրոնում: Տեսնել էր պետք, թե ի՜նչ կարոտով էր նայում բեմին եւ հանդիսատեսին: Մարդիկ ձեռքերն էին համբուրում, լուսանկարվում իր հետ: Ինքն իրեն երջանիկ էր զգում:

Կարելի է ասել, որ երջանիկ էլ հեռացավ  կյանքից, որովհետեւ որպես դերասանուհի կենդանության օրոք վաստակել էր ամեն ինչ, ստացել թատերական բոլոր դափնիներն ու մրցանակները, կոչումները:

Varduhi VarderesyanՆա մնայուն դերեր է կերտել, որոնք հայ թատրոնի պատմության փառավոր էջերից են, ինչպես նրա Ջոնին՝ ըստ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում  է» ստեղծագործության, ինչպես նաեւ Շիրվանզադեի «Պատվի համարում»՝ Մարգարիտը, Չեխովի «Բալենու այգում»՝ Ռանեւսկայան, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցում»՝ Քլերի Ցախնասյանը, Շանթի «Հին աստվածներում»՝ Իշխանուհին  եւ այլն։ Նկարահանվել է«Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» եւ  այլ ֆիլմերում։ Վարդուհի Վարդերեսյանը Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն»,-ասաց թատրոնի փոխտնօրենը:

Ինչ վերաբերում է Ջոնիի կերպարին, Նելլի Շահնազարյանի խոսքով, դերասանուհին 33-ից մինչեւ 50-51 տարեկանը խաղացել է այդ դերը: «Այդ տարիքում 12-13 տարեկան մանչուկի դեր խաղալը չլսված, չտեսնված բան է, մարմինը այդպես փոքրացնել, ինքդ էլ փոքրանալ այդ առիթով, ուղղակի ապշեցուցիչ է, այո, Ջոնիի կերպարը մնալու է հայ թատրոնի պատմության մեջ որպես անկրկնելի կերպար»,- փաստեց տիկին Շահնազարյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031