Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատը սկսվելուն պես՝ դատարանը ընթերցեց ռազմաբազայի բժշկական մասի ժամանակավոր պատասխանատուից ստացված գրությունն այն մասին, որ ամբաստանյալ Պերմյակովը ամբողջական ախտորոշման կարիք ունի: Դատավոր Հարություն Մովսիսյանի հարցին՝ ինչպե՞ս ես քեզ զգում, Վալերի Պերմյակով, վերջինս ասաց՝ նորմալ:
Դատարանը շարունակեց փաստաթղթերի հրապարակումը, ընթերցվեց քննիչի գրությունը, որը Բայանդուրի ուղեկալի տարածքում կատարված տեղանքի զննության նկարագրությունն էր: Քննիչը հայտնում է, որ Բայանդուրի ուղեկալի կապիտան Խաչատրյանը իրեն նկարագրել է Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները, ցույց է տվել աշտարակը, որտեղ այդ օրը հերթապահություն է կատարել Սումբուլյանը:
Քննիչը պոմպակայանի մոտ նկատել է տնակ, որտեղ եղել են հագուստ, անկողնային պարագաներ, սափրվելու պարագաներ ու կոտրված հայելի: Քննիչի գրությունը դատախազ Գեւորգ Գեւորգյանին առիթ տվեց ուշադրություն հրավիրելու այն փաստին, որ եթե այնտեղ մնացել է Պերմյակովը, ուրեմն իր հագուստով՝ ոչ զինվորական, չէր կարող մրսել, որովհետեւ այնտեղ կային ծածկոցներ: Դատական նախորդ նիստերի ժամանակ հարց էր բարձրացվել, թե արդյոք Պերմյակովը ոչ զինվորական հագուստով կարո՞ղ էր մեկ օր մնալ սահմանի մոտ, եւ ռուս սահմանապահ զորքերի ծառայակիցներից մեկը, որը հրավիրված էր որպես վկա, նշել էր, որ ինքը զինվորական հագուստով հազիվ կարողանում է 6 ժամ դիմանալ այդ ցրտին:
Փաստաբան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Պերմյակովը, ամենայն հավանականությամբ, տեսել է տնակը ու պատահաբար ներս մտել: «Նա հատուկ նպատակով գնացել է այդ տնակը՝ այդպիսի տեղեկություն չունենք: Ես իմ գործընկերոջ հետ գնացել եմ սահման, տեսել եմ, որ այդպիսի տնակ կա ու պատկերացրել, որ ցանկացած մեկը կարող էր ներս մտնել: Այլ հարց է, որ պետք է ճշտել, թե Պերմյակովը որքանով է ճիշտ կամ սխալ ասում, թե ինքը եղել է այդ տնակում եւ կփորձենք քննության վերջնական արդյունքում հասկանալ: Առարկայական վկայող հետքեր, որ Պերմյակովը եղել է այդ տնակում, չկան: Իր ցուցմունքն է միայն, որ նա մնացել է այդ տնակում ու դեպքի վայրի զննությունն է, որ կա այդպիսի տնակ: Այդ տնակը ջրի պոմպի կողքին է եւ օգտագործվում է շինարարների մնալու համար: Այնպես չէ, որ սա տնակ է բնակության համար, այլ սպասարկման համար նախատեսված տնակ է»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հրապարակվեցին նաեւ Պերմյակովի, նրա ծառայակից ընկերների, այդ թվում՝ նաեւ Պերմյակովի անմիջական ղեկավար Միկիշինի մեզի ու արյան փորձաքննության արդյունքները: Դրանցում ոչ խմիչքի եւ ոչ էլ հոգեմետ դեղերի հետքեր չեն հայտնաբերվել:
Ի դեպ, դատարանում հրապարակվեց վերոհիշյալ տնակի տեղազննության ֆոտոշարքը եւ սխեման:
Դատարանում այս պահին ընթերցվում է փաստաթղթերի 6-րդ հատորը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ