Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Բուն խնդիրը դիտորդներին սահմանափակելը չէ

Մարտ 18,2016 14:35

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին կազմակերպել էր քննարկում «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագծի շուրջ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փորձել են օբյեկտիվ միջոցներ կիրառել, դա էլեկտրոնային սարքերի կիրառումն է:

Նա ասաց, որ քվեարկությանը օրը ընտրական տեղամասում, եթե անձը տվյալ տեղամասի ցուցակից է եւ առաջին անգամ է տրամադրում իր փաստաթղթերը, ապա այդ դեպքում վառվում է կանաչ լույսը, իսկ եթե երկրորդ անգամ է մուտք գործում, թարթում է կարմիր լույսը. «Իմ խորին համոզմամբ այս գործընթացը թույլ է տալիս համարել, որ բացակա անձանց փոխարեն քվեարկությունը հավասարվի նվազագույնի: Մինչեւ 2008 թվականը անձնագիր ստացած մարդկանց դեպքում էկրանին նկար ցույց չի տալու: Ճշտության աստիճանը բարձր չէ, կարող ենք պայմանավորվել, որ վառվի բացականչական նշան, որ մարդիկ ուշադրություն դարձնեն»:

Դավիթ Հարությունյանը համարում է, որ ձայների ամփոփման փուլը ունի դրական կողմեր, որ կուսակցությունների քվեաթերթիկները տարբերվելու են գույներով: Սակայն, ըստ նրա, կա մտահոգություն, որ կուսակցությունների միջեւ կարող է անվստահություն լինել. «Այս մտահոգությունը առաջացնում է հետեւանքներ: Մենք մտավախություններ ունենք, որ թեկնածուները փորձեն դիտորդների ԶԼՄ-ների անվան տակ ընտրական տեղամաս ուղարկել իրենց վստահված անձանց: Նման երեւույթի մենք հանդիպել ենք: Մեր մտավախությունն այն է, որ այժմ կարող է առաջանալ դիտորդների աճ, եւ առաջարկել ենք մի մեխանիզմ, որը հասկանում ենք, որ լավագույնը չէ»:

Անդրադառնալով այն դրույթին, որ ընտրական տեղամասում միաժամանակ կարող են գտնվել 8 դիտորդ եւ լրագրող՝ Դավիթ Հարությունյանը ասաց, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը առաջարկել է ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման փուլում ապացույցներ ներկայացվեն, որ տվյալ անձը որոշ ժամանակ աշխատել է ԶԼՄ-ում: Ըստ նրա, եթե ԶԼՄ ներկայացուցիչները համաձայնեն, իր համար ընդունելի տարբերակ է. «Դիտորդների հետ կապված դեռ լավ լուծում չենք գտել, բուն խնդիրը դիտորդներին սահմանափակելը չէ, բուն խնդիրը՝ դիտորդների անվան տակ վստահված անձինք չսողոսկեն ընտրական տեղամաս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031