Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են շշնջացել վենետիկցիները ՕԵԿ-ականների ականջին (Տեսանյութ)

Մարտ 18,2016 13:56

Այսօր, խորհրդարանական ճեպազրույցներում, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը սենսացիոն հայտարարություն արեց`ասելով, որ մի քանի օր առաջ, խորհրդարանում, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպման ժամանակ, նրանք ասել են, թե կողմ են, որ ընտրություններից հետո հրապարակվի քվեարկածների ցուցակները: Նաեւ ասել են, որ «դեմ չենք, որ չհրապարակվի»: Այս հայտարարությունը բավական հարցեր եւ տարակուսանքներ է առաջացնում, այն առումով, որ իշխանությունները պնդում են, թե այդ ցուցակների հրապարակումը հենց Վենետիկի հանձնաժողովն է արգելել, դա մարդու իրավունքների խախտում համարելով, ընդդիմադիր ուժերն էլ պնդում են, որ այդպիսով կվերականգնվի հասարակության վստահությունն ընտրական գործընթացների վերաբերյալ: «Իրականությանը չի համապատասխանում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի այն պնդումները, որ Վենետիկն է արգելել»,- հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը`հավելելով. «Նախկինում էլ ասել են, ձեր խնդիրն է`կան երկրներ, որ հրապարակում են, կան`չեն հրապարակում: Վենետիկն ասում է՝ ինձ համար միեւնույն է, իսկ Սահմանադրական հանրաքվեից հետո, շատ բան տեսնելով, ասացին`կողմ ենք»:

Ուշագրավ է, որ եվրոպացի փորձագետների հետ հանդիպումից հետո, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ էր տպավորված, ասաց, որ ընթացակարգային չէր փորձագետների մոտեցումը: «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանն էլ էին հայտարարել, որ փորձագետները խիստ չեն դնում այդ հարցը`թողնելով մեր հայեցողությանը: Մինչդեռ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը զարմացած էր նման հայտարարություններից, քանի որ ինքը տասն անգամ տվել էր հարցը`խնդրելով ուղիղ, դիվանագիտական զեղումներից պատասխան`արգելո՞ւմ են իրենք այդ ցուցակների հրապարակումը, բայց փորձագետները մանյովրել էին, հարցերին հարցերով պատասխանելով:

Հովհաննես Մարգարյանի այլ դիտարկումները` տեսանյութում

ԸՕ-ի շուրջ միասնական պլատֆորմ ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկներին, «Հայկական վերածնունդը» միացել է: Այսօր հայտարարեց Հովհաննես Մարգարյանը`հավելելով, որ տարիներ առաջ, երբ իրենք էին քաղաքական կոնսուլտացիաներ սկսել, ստացան ԸՕ-ի մի նախագիծ, դրան միացավ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն: «Այդ պլատֆորմը դեռ անցած տարվա սեպտեմբերին կայացել էր, հիմա`այո, ով ուզում է նախաձեռնի, ՀԱԿ, թե մի հ/կ, մենք կմիանանք: Մենք ոչ թե միացել ենք, դրանք նաեւ մեր առաջարկներն են եղել: Աջակցելու եւ սատարելու ենք»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031