Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՀՄՖ նախագահ. Կոչ եմ անում սկսել Թուրքիայի դեմ ուղղված գործողություններ՝ Հայկական հարցի լուծման նպատակով

Մարտ 18,2016 13:50

Այսօր մեր ազգի համար սպասված պատմական պահերից մեկն է, երբ Թուրքիան դիվանագիտական խայտառակ պարտությունների արդյունքում կատարում է սխալը սխալի ետևից` իր դեմ հանելով ողջ քաղաքակիրթ մարդկությանը։ Եվրոմիությունն արդեն լիովին ընկալում է Թուրքիայի կողմից վարվող պարզունակ քայլերի իմաստը, իսկ Ռուսաստանն ամբողջ թափով դեմ է դուրս եկել Թուրքիայի կողմից փայփայվող նեոօսմանիզմի քաղաքականության իրականացմանը։ Այս իրավիճակում Հայաստանի կողմից ակտիվ քաղաքականության վարման դեպքում կարելի է լուծել մեր Հայ Դատի խնդիրը և վերջապես հասնել արդարադատության իրականացմանը։ Թուրքիան լրիվ ընկճվել է քրդերի կողմից վարվող ազատագրական պայքարի ճակատում։ Սիրիական ճակատում Թուրքիան կրելով խայտառակ պարտություն՝ կատարեց ճակատագրական քայլ և մարտահրավեր նետեց Ռուսաստանին։ Եթե ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը և Հայաստանը ճիշտ գնահատեն իրավիճակը և դիվանագիտական պատերազմ սկսեն Թուրքիայի դեմ, Թուրքիայի այսօրվա քաղաքականության սխալն օգտագործելով հնարավոր կլինի հասնել մեր պատմական երազանքի իրականացմանը։ Թուրքիան մասնատման վտանգի առաջ է կանգնած, և Հայաստանը պետք է նրան վերջին հարվածը տվողը լինի։

Արդյո՞ք ի վիճակի են այսօրվա մեր իշխանությունները ճիշտ դիվանագիտական քայլեր կատարելու։ Արդյո՞ք մեր դիվանագիտության այրերը ունեն անհրաժեշտ մասնագիտական իմաստություն և արհեստավարժ են այնքան, որ կարողանան սկսել պայքար Թուրքիայի դեմ։ Պատասխանը աներկբա է․ իհարկե՝ ոչ։ Ինչպե՞ս կարող է իր նախագահի համար անվտանգ ապագա կազմակերպելու նպատակով Սահմանադրական փոփոխություններ կատարած իշխանությունը հանկարծ բարդ դիվանագիտական պայքարի մեջ մտնել։ Ինչպե՞ս կարող է երկրի թալանին մասնակից լինելու համար իշխանական կոալիցիայի մեջ մտած ՀՅԴ-ն զբաղվել ազգային հարցերով։ Ահա այս անկանխատեսելի իրավիճակում, երբ ստեղծվել են պայմաններ Հայ Դատի խնդրի լուծման համար, Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է երկրի թալանը զարգացնող թափթփուկների ձեռքում, և մենք ևս մեկ անգամ կորցնելու ենք պատմական պահը օգտագործելու հնարավորությունը։

Կարծում եմ, որ ողջ համասփյուռ հայությունը պետք է վերլուծի ստեղծված իրավիճակը և համախմբվի ու կազմի Հայկական հարցի լուծման ճանապարհային քարտեզը։ Ստեղծված իրավիճակում հայ և ռուսական շահերը ամբողջովին համընկնում են, և Հայաստանը պետք է հանդես գա Թուրքիայի հետ առկա գործող սահմանների ճշտման պահանջով։ Մեր երկիրը Մոսկովյան պայմանագրին մասնակցություն չի բերել, և իրավունք ունի Ռուսաստանից պահանջելու անվավեր ճանաչել առանց երրորդ կողմի՝ Հայաստանի մասնակցության նրա հարցերի շուրջ ստորագրած պայմանագիրը։ Հայաստանը այնուհետև պետք է պատրաստ լինի քրդերի հետ լայնածավալ համագործակցություն սկսելուն և վարի բանակցություններ Թուրքիայի սպասվող մասնատումից հետո տարածքների վերաբաշխման շուրջ։

Կոչ եմ անում ողջ հայությանը կազմակերպել քննարկումներ վեր բարձրացած խնդրի շուրջ և սկսել Թուրքիայի դեմ ուղղված գործողություններ՝ Հայկական հարցի լուծման նպատակով։

 

ԵՀՄՖ նախագահ

Դոկ․Աշոտ Գրիգորյան

18․03․2016

Բրատիսլավա, Սլովակիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031