Քիչ առաջ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ Սամվել Բալասանյանի հեղինակած «Գյումրին առանց տնակների» ծրագրի հոգաբարձուների արտահերթ նիստը, որի ընթացքում ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտարարեց, որ 13 բնակարան են նվիրելու Գյումրու ծայրահեղ աղքատ ու միաժամանակ տանը անչափահաս երեխաներ ունեցողներին:
Նա հայտնեց, որ 10 բնակարան ընկերությունը նվիրվում է Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, 60 մլն դրամի շրջանակներում, մեկը նվիրվում է արհմիության, երկուսը՝ ընկերության աշխատակիցների անձնական միջոցներով:
Քաղաքապետարան էին եկել նաեւ երկու շահառուները, որոնց արդեն իսկ ընտրել է ՀԷՑ-ը՝ բնակարան նվիրելու համար: Կարեն Հարությունյանն ասաց, որ վերջիններիս ընտրությունը կատարվել է քաղաքապետարանի ու մարզպետարանի ներկայացրած տվյալները ուսումնասիրելուց հետո: Նրանց հետ կնքեցին պայմանագիր:
Կարդացեք նաև
Նրանցից մեկը՝ Աստղիկ Թադեւոսյանը պատմեց, որ իր 5 հոգուց բաղկացած ընտանիքը բնակվում է ավտոկայանի թաղամասում, իր երեխաները ծնվել են տնակում, 26 տարի շարունակ ապրում են այնտեղ, տղան էլ հիվանդ է: Նա ասաց, որ ուրախությունից պիտի ուշաթափվեր, երբ երեկ ուշ ժամի երկու երիտասարդներ այցելել են իր տնակ, հայտնելով բնակարան ստանալու մասին: Մյուս շահառուն՝ Իզաբելա Չիմանյանը, ունի 3 անչափահաս երեխա, միայնակ մայր է:
Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանը առաջարկեց մշակել կանոնակարգ, համաձայն որի՝ անօթեւանների ընտրությունը կկատարի հոգաբարձուների խորհուրդը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը համաձայնեց այդ առաջարկի հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ