Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանա. «Ծաղկազարդի ճյուղերի օրհնության կարգ, որպես այդպիսին, չկա»

Մարտ 18,2016 13:26

Առաջիկա կիրակի` մարտի 20-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնելու է Ծաղկազարդը: Ժամը 11.00-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Սուրբ Պատարագ: Հավատացյալները կարող են առանց պահքը լուծելու հաղորդվել: Պատարագի ավարտին կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

«Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Մանուկները եւս խանդավառությամբ փառաբանում են նրա մուտքը: Տիրոջ հակառակորդներն ասացին` «լռեցրեք այդ մանուկներին»: Իսկ Քրիստոս ասաց` «Ճշմարիտ եմ ասում ձեզ` եթե մանուկները լռեն` քարերը կաղաղակեն»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում, խոսելով տոնի խորհրդի մասին, ասաց Արարատյան հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը:

«Ժողովուրդը տիրոջ շուրջը խմբված էր մեծ բազմությամբ: Նրան տեսնելով` մարդիկ աղմուկ են բարձրացնում, արմավենու եւ ձիթենու ճյուղերը փռում նրա ճանապարհին: Հիսուս խոնարհ կեցվածքով` էշի վրա նստած, գալիս է Երուսաղեմ: Ավետարանագիրն ասում է, որ Երուսաղեմը դղրդաց: Հիսուս մտնելով Աստծո տաճար` այնտեղ տեսնում է առեւտրականների: Տոնական օրերին հրեա ժողովուրդը Սողոմոնի տաճարի շուրջ էր հավաքվում եւ զոհ մատուցում: Տերը դուրս է վռնդում վաճառականներին եւ ասում, որ Աստծո տունը պետք է աղոթքի տուն լինի: Այդ դեպքից չարացած քահանայապետը եւ նրա համախոհները վճռում են սպանել Քրիստոսին: Այսպես, Ծաղկազարդի հաղթական մուտքը Քրիստոսի փառքի հռչակումն էր, մյուս կողմից էլ նրա անձի հանդեպ վճռի կայացումը: Քահանապայետը որոշեց վերջ դնել Քրիստոսի կյանքին, որն էլ Ավագ շաբաթվա վերջում տեղի ունեցավ»,-ասաց Տեր Ղազարը:

Նա նկատեց, որ Ծաղկազարդի օրը ճյուղերի օրհնության կարգ, որպես այդպիսին, չկա. «Ճյուղերն օրհնվում են առավոտյան ժամերգության ընթացքում` «Փառք ի բարձունս» երգի ժամանակ: Ճյուղը օրհնվում է` մասնակից դառնալով Քրիստոսի փառքի հանդեսին, երբ այն դրվում է եկեղեցում: Օրհնվում է նաեւ բնությունը, որն Աստծո պարգեւած մեծագույն բարիքն է: Բայց գլխավոր բարիքը մահկանացուի համար հավիտենական փրկությունն է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031