Խորհրդարանական ճեպազրույցներում այսօր լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին`ընտրացուցակների հրապարակման հետ կապված կարծես հակասություններ կան ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի մոտեցումներում: Առաջինը կողմ է, որ ցուցակները հրապարակվեն, ժամանակին ՀՅԴ-ն նաեւ միացել է այդ հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությանը: Իսկ ՀՀԿ-ում կտրականապես դեմ են քվեարկածների ցուցակների հրապարակմանը:
Արմեն Ռուստամյանը հակասություն չտեսավ. «Ցուցակների հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, դեռևս հստակություն չկա և մենք չենք շրջանցել այդ արգելքը: Որևէ հակասություն չկա, բայց խնդիրը դեռ հստակ չէ: Եթե սարքը թույլ չի տալիս բազմակի քվեարկություն, այստեղ, ընդդիմանալը տեղին չէ, այսինքն` պետք է այդ ցանկերը չհրապարակվեն: Ընտրատեղամասերում կուսակցություններն ունեն իրենց վստահված անձինք, բոլորը կարող են ընտրատեղամասում պարտադրել ընտրացուցակները, երկու-երեք հոգով հաստատեն, որ դա ճիշտ է: Կարծում եմ, որ եթե ամբողջ այդ պրոցեսը տեղի է ունենում, ցանկերի հրապարակումը դառնում է ձևական»:
Մեկ այլ հարցի` ընդդիմությունը միասնական պլատֆորմ է ձեւավորում քաղաքացիական հասարակության հետ, հնարավոր է, որ նաև փողոց դուրս գալու տարբերակ քննարկվի, Արմեն Ռուստամյանը պատասխանեց`խնդիր չի տեսնում. «Կառուցողական դաշտում պետք է դա պարզապես լինի, ուլտիմատում դնելով չէ, կամ ամեն ինչ, կամ ոչինչ տարբերակով չէ: Ընդդիմությունը պետք է հասկանա, որ այս գործելաոճը արդյունք չի տալիս: Եթե ասենք իրենք տասը կարևոր հարց ունեն և դրանցից ութը համաձայնեցվի, թող համարեն մեծ հաջողություն, ոչ թե մտածեն, որ տասից տասին էլ համաձայնություն չի տրվել և դա վատ է: Եթե քաղաքական համաձայնությամբ կարող ենք հասնել ավելի լավ արդյունքի, ուրեմն արժի անել, որովհետև մենք բոլորս էլ պետք է գնանք ընտրությունների: Եթե մի քանի մեխանիզմ էլ ավելացնենք, մենք բոլորս էլ օգտվելու ենք: Պետք է մարդիկ հասկանան, թե ռեալ պոլիտիկ ասածն ինչ է: Դրա հնարավորությունը կա, բոլորի տեսակետներն արտահայտվում են, ես չեմ տեսնում, որ որևէ մեկը տեսակետ չարտահայտի»:
Եթե 2017 թվականի ընտրությունները կեղծվեն, հնարավո՞ ր է գրանցվի հերթական քաղաքական ապահարզանը ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ հարցին էլ հնչեց այսպիսի պատասխան. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Խնդիրն այն չէ, թե տվյալ պահին ինչպիսին կլինի քաղաքական կոնյունկտուրան, կարևորն այն է, որ Դաշնակցության տեսակետները չեն փոխվել և չեն փոխվի: Մենք ամեն առիթ օգտագործում ենք, որ մեր գաղափարները իրականություն դարձնենք: Դաշնակցությունն ամեն ինչ անելու է, որ, ունենալով լավ կառավարման համակարգ, լավ ընտրական համակարգ, էական թռիչքաձև զարգացման գնանք: Դրա համար Դաշնակցությունն ամեն քայլի գնալու է` չշեղվելով իր հիմնական սկզբունքներից: Մենք հենց կեղծիքների դեմ էլ պայքարում ենք»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ