Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ ԵՄ բանակցությունները փախստականների թեմայով կշարունակվեն 2016թ մարտի 18-ի օրվա երկրորդ կեսին։ Ընթացող բանակցությունների մասին իրենց կարծիքներն են արտահայտել Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը; Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունից։
Անդրադառնալով ԵՄ-Թուրքիա բանակցություններին` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է. «Ես զգուշավոր լավատեսություն ունեմ»։ Կանցլերը նշել է նաև, որ 2016թ մարտի 18-ի օրվա երկրորդ կեսին նախատեսվում է իր հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։
Խոսելով ԵՄ-Թուրքիա բանակցությունների մասին՝ իր մտքերն է արտահայտել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. «Այսօր ԵՄ առաջնորդներն ընդհանուր համաձայնության եկան։ Կան որոշակի հակասություններ, նրբություններ, բայց, այնուամենայնիվ, երեկ ուշ գիշերը ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել։ Այժմ այն պետք է քննարկվի Թուրքիայի հետ։ Ես ոչինչ չեմ կարող խոստանալ, կարող եմ միայն հույս հայտնել, որ մենք կհասնենք համաձայնության»։
Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ Թուրքիան պարտավոր է կատարել Եվրամիության առաջ քաշած 72 կետերը, որպեսզի հնարավոր լինի առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի և Եվրամիության միջև։