Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի ղեկավարած, այսպես կոչված՝ Ազատագրական շարժման Արևելյան ճակատի հրամանատար, 1920թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի աղջիկը՝ Թիմսալ Քարաբեքիրը, խոսել է հոր մասին, ինչպես նաև անդրադարձել հայերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Քարաթայ համալսարանում կազմակերպված «Ազատագրական պատերազմ» կոնֆերանսում Թիմսալ Քարաբեքիրը խոսել է այսպես կոչված Ազատագրական շարժման տարիներին թուրք զինվորների ապրումների մասին, ներկայացրել հոր վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ։
Թիմսալ Քարաբեքիրի խոսքերով, իր հայրը՝ Քազըմ Քարաբեքիրը, շատ է սիրել հայ երեխաներին և տեր է կանգնել նրանց։ Նրա խոսքերով, հայ երեխաները զորավարին նույնիսկ փաշայի դիմանկարն են նվիրել։
Թուրք զորավարի աղջիկը հերքել է Հայոց ցեղասպանությունը, այն անվանելով «զզվելի սուտ, այսպես կոչված ցեղասպանության սուտ», նշելով, որ Թուրքիայում բազմաթիվ եղբայրական գերեզմաններ կան, որոնցում թաղված են թուրքեր, և անհնար է գտնել եղբայրական գեթ մեկ գերեզման, որտեղ թաղված են հայեր։
Կարդացեք նաև
Թիմսահ Քարաբեքիրն այսպես է շարունակել իր խոսքը. «Օսմանցիների տաքացրած հայերը բռնություններ են գործադրել հենց օսմանյան քաղաքացիների հանդեպ։ Քազըմ Քարաբեքիր փաշան թշնամու բռնազավթումից փրկել է Էրզինջանը, Էրզրումը, Սարիղամիշն ու Կարսը։
Հիշեցնենք, որ 1920թ. սեպտեմբերի 23-ին Քազըմ Քարաբեքիրի գլխավորած զորքի հարձակումով սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ Նույն թվականի սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցին Սարիղամիշը, հոկտեմբերի 30-ին Քարաբեքիրը գրավեց Կարսը, այնուհետև Ալեքսանդրապոլը (Գյումրի)։