Ժամանակին կառավարությունն ու Կենտրոնական բանկը լուրջ հույսեր էին կապում «Համահայկական բանկի» ստեղծման հետ։ Անցել է չորս-հինգ տարի, սակայն այն ոչ մի կերպ չի կայանում։
«Համահայկական բանկը» դարձել է Հայաստանի բանկային համակարգի մասնակիցներից մեկը՝ իր փոքր կապիտալով եւ թույլ ֆինանսական հնարավորություններով։ Ավելին՝ այսպես շարունակվելու դեպքում արդեն հաջորդ տարի բանկը այլեւս հնարավոր է՝ գումար չունենա նույնիսկ վարկավորում իրականացնելու համար։
Գործունեության ընթացքում բանկը կնքել է 23 վարկային պայմանագիր, որից վեցը, ինչ-ինչ պատճառով, վաղաժամկետ լուծարվել է։ Այսօր բանկն ունի գործող ընդամենը 17 վարկ։ Այդ վարկային պայմանագրերի շրջանակներում տեղաբաշխված ընդհանուր գումարը կազմում է հազիվ 4,7 մլրդ դրամ (գրեթե 10 մլն դոլար)։
Անշուշտ այսպիսի վարկային պորտֆելով «Համահայկական բանկը» ի վիճակի չէ իրականացնել այն կարեւոր առաքելությունը, ինչի համար ստեղծվել էր։ Ինչպես հայտնի է, բանկի հիմնումով նպատակ էր դրվել իրականացնել երկարաժամկետ ներդրումային ծրագրեր տնտեսության առանձին ոլորտներում եւ նպաստել արտահանման նոր շուկաների ձեռքբերմանը։
Կարդացեք նաև
«Համահայկական բանկի» կապիտալը ստեղծումից հետո մինչեւ այժմ չի հաջողվել համալրել նոր ֆինանսական միջոցներով։ Այն մինչ օրս աշխատում է պետության կողմից ժամանակին հատկացված 20 մլն դոլարով։
Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը, նախաձեռնելով բանկային համակարգում ֆինանսական նոր տիպի կառույցի ստեղծումը, ակնկալում էին, որ կարճ ժամանակահատվածում բանկին կհաջողվի ներգրավել նոր ներդրողներ, ինչից հետո պետությունն աստիճանաբար դուրս կգա բանկի բաժնետերերի կազմից։ Ի սկզբանե բանկի կանոնադրական կապիտալը սահմանված էր 100 մլն դոլար։ Որպես առաջին ներդրող հանդես եկավ պետությունը՝ 20 մլն դոլար կապիտալով։ Գումարի մյուս մասը, ըստ էության, պետք է հայթայթեր բանկի ղեկավարությունը։
Անցել է ավելի քան 4 տարի, սակայն այս կառույցի միակ բաժնետերը եւ ներդրողը շարունակում է մնալ պետությունը։
Ի դեպ իր, այսպես ասած, «ձախողումները» բանկը վերագրում է առաջին հերթին Կենտրոնական բանկին եւ կառավարությանը։ Նախ այն, որ Կենտրոնական բանկում «Համահայկական բանկին» հիմնականում դիտում են որպես առեւտրային բանկ՝ «սահմանելով այդպիսի բանկերին բնորոշ նորմատիվներ»։
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում