«Այն նախադեպային է եւ կարող է ապագա ապօրինությունների համար կանխարգելիչ բնույթ ունենալ, քանի որ մեր երկրում դատական իշխանությունը դեռ լիարժեք չի գործում: ՀՀ տարբեր անմեղ քաղաքացիներ խցերում են, իրական շատ հանցագործներ, այդ թվում նաեւ մարդասպաններ, ազատության մեջ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն`անդրադառնալով երեկ ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը:
Հիշեցնենք, խոսքը «Զալյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի մասին է, որն ավելի հայտնի է «Մատաղիսի գործ» անվամբ: Զարուհի Փոստանջյանն այս գործով պաշտպաններից էր:
«12 տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ կարող է դիմել ՄԻԵԴ եւ այդ դատարանի միջոցով պաշտպանել իր իրավունքները»,- ասաց Զարուհի Փոստանջյանը`հիշելով, որ երբ այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մոտ իր եւ գործով մյուս պաշտպան Ստեփան Ոսկանյանի մի միջնորդություն էր քննարկվում, Գագիկ Ջհանգիրյանն ասել է`«Այդ ե՞րբ պիտի քո ԵԴ-ն անդրադառնա այս գործին»:
«12 տարի անց արդարադատություն է տեղի ունեցել`շատ մեծ կորուստներով, պաշտպանյալներս իրենց առողջությունը կորցրեցին, մեկի մայրը երիտասարդ տարիքում մահացավ: Ոչ 50 հազար եվրոն, ոչ էլ ուրիշ բան չի կարող փոխարինել այն երեք տարիները, որոնք մեր պաշտպանյալներն անցկացրեցին բանտում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` կոչ անելով այս օրինակով աննկուն լինել նաեւ քաղաքական պայքարում:
Կարդացեք նաև
ՄԻԵԴ-ի որոշման քաղաքական գնահատականները` `տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ