Երաժիշտ, երգահան Արա Թորոսյանը (Մուրզո) աշխատում է միաժամանակ Հայաստանում եւ ԱՄՆ-ում։ Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ այս տարի լրանում է իրենց՝ երաժիշտների եւ Թաթայի միջեւ համագործակցության 20-ամյակը, որը իրենք պատրաստվում են առանձնահատուկ նշանավորել։ Երաժիշտը խոսել է նաեւ ապագայի ծրագրերի մասին, անդրադարձել Հին Երեւանի պատմական շերտի վերացման խնդրին:
– Դուք ծնվել-մեծացել եք Երեւանում, գիտեմ, թե որքան սերտ է Ձեր կապը մեր մայրաքաղաքի, այստեղ առկա կոլորիտի հետ։ Այնինչ՝ հատկապես վերջերս երեւանցիները դժգոհում են Հին Երեւանի պատմական շենքերը քանդելու դեմ։ Դուք հետեւո՞ւմ եք այս իրադարձություններին։
– Այո, հետեւում եմ, եւ հին շենքերի քանդումը համարում եմ հանցանք՝ բառիս բուն իմաստով։ Ես նկատում եմ, որ չնայած մեր մտավորականությունը բողոքում է, գավառական մարդիկ, որոնք մեր Երեւանի հետ ոչ մի կապ չեն ունեցել, հաշվի չեն նստում նրանց խոսքի հետ։
Գնացե՛ք, նայե՛ք Լոնդոնը, որտեղ ամենուր հին շենքեր են՝ ներսից ժամանակակից դիզայնով։ Ոչ ոք երբեք չի կարող ձեռք տալ այդ շենքերին։ Մեզ մոտ ինչո՞ւ պետք է այս կամ այն անհատը ունենա այդ շենքերին ձեռք տալու իրավունքը, Կառավարությունն էլ դրա համար գտնի պատճառաբանություններ։ Անգամ արյունով պատրաստ եմ պաշտպանել այդ հին շենքերը։
– Որքանով տեղյակ ենք՝ Ձեր զավակները բնակվում Են ԱՄՆ-ում։ Նրանց ապագան որտե՞ղ եք տեսնում։
– Այո, նրանք սովորում են այնտեղ։ Դա պլանավորված չէր, բայց ես միշտ ճիշտ եմ համարել մեծ աշխարհ դուրս գալու միտումը եւ ողջունել եմ դա։ Տեսնենք՝ ինչպես կդասավորվի նրանց ապագան, բայց մի բան հստակ է՝ երեխաներս ոչ մի դեպքում չեն մոռանում իրենց հայրենիքը։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում