ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նախօրեին մերժեց նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ի կողմից ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի առաջարկած մարդկանց:
Փաշինյանը երեկ պատասխանեց թեմային առնչվող մի քանի հարցերին։
– Ձեր կարծիքով, ընտրությունների ելքի վրա այս իրավիճակը, այսինքն, այն, որ հանձնաժողովներում Ս. Միքայելյանի շտաբի ներկայացուցիչները չեն նշանակվում, կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ։
– Քանի դեռ հանձնաժողովի տեղերում նշանակումները փաստ չեն, այսինքն՝ քանի դեռ չեն նշանակվել ուրիշ մարդիկ, քան այն մարդիկ, ում թեկնածությունները ներկայացրել է Սասուն Միքայելյանը, ես զերծ կմնամ մեկնաբանությունից։
Կարդացեք նաև
– Իսկ այլ խմբակցությունների հետ նույն թեմայով զրույցներ եղե՞լ են, առաջարկ եղե՞լ է ձեր կողմից ոչ իշխանականներին, օրինակ՝ ԲՀԿ-ին, «Ժառանգությանը»։
– Պաշտոնական խոսակցություն չի եղել, ոչ պաշտոնական զրույցներ եղել են, բայց այդ առումով որեւէ բան չկա ասելու։
– Այսինքն, նրանք նույնպես հրաժարվում են ընդառաջել։
– Խնդիրը ընդառաջելու մեջ չէ։ Իրավիճակի նրբությունն այն է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեղերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն են։ «Ժառանգություն» խմբակցության տեղերը «Ժառանգություն» կուսակցությանն են, Հայ ազգային կոնգրեսի տեղերը որեւէ կուսակցությանը չեն, դրանք խմբակցության եւ այդ նախընտրական դաշինքի տեղերն են։ Հիմա այդ դաշինքի ներկայացուցիչներից մեկն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու։ Նախընտրական դաշինքի մյուս կուսակցությունները թեկնածու չունեն, եւ մարդը ասում է՝ իմ հասանելիք տեղերը տվեք ինձ։ Սա նույն հարթության հարց չի, ինչ որ «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի։
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում