Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում Շաբոյանը. «Հայոց աշխարհ»

Մարտ 18,2016 10:50

Այս շաբաթվա լրահոսում պարբերաբար շոշափվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի անունը: Տեղեկատվական առիթ, հարկավ, կա. Ա.Շաբոյանն Ազգային ժողովում ներկայացրեց իր գլխավորած պետական կառույցի այս տարվա գործունեության ծրագիրը: Բայց խնդիրը միայն նշված առիթը չէ:

Առիթից առավել շատ են պատճառները, որոնք հանրագումարում հանգում են մեր տնտեսության մոնոպոլիկ կառուցվածքին, իրական մրցակցության տեսանկյունից տիրող, մեղմ ասած, խնդրահարույց կացությանը: Ինքնին հասկանալի է, որ նման պայմաններում, մենաշնորհային դրսեւորումների դեմ պայքարելու, մրցակցության պայմաններին հետեւելու կոչված պետական կառույցին ու նրա ղեկավարին ուղղված հարցերը եւ նրանց հանդեպ ուշադրությունը բազմապատկվում են:

Պարզվում է՝ մեր ՏՄՊՊՀ-ն կարողացել է գրավել ոչ միայն Հայաստանի, այլեւ ռուսական ԶԼՄ-ների ուշադրությունը: Կոնկրետ «Կոմերսանտ» հայտնի պարբերականի ուշադրությունը որ՝ հաստատ: Տվյալ դեպքում էլ խնդիրը ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Ա.Շաբոյանի կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը հասցեագրված քննադատական հայտարարությունների հետ է կապված: Իսկ ի՞նչ է եղել:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է անցկացրել՝ կենտրոնանալով «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից անցյալ տարվա ապրիլից նավթամթերքի փոխադրման սակագինը 16 տոկոսով բարձրացնելու հանգամանքի վրա: «Հարավկովկասյան երկաթուղին» այդ քայլը պատճառաբանել է կրած մոտ 9,3 միլիարդ դրամի վնասները «ծածկելու» անհրաժեշտությամբ:

Իսկ ՏՄՊՊՀ-ն էլ կարծում է, որ ընկերության այս քայլը կարող է գերիշխող դիրքի չարաշահման տարրեր պարունակել: Ավելին՝ Ա.Շաբոյանն ասել է, թե հանձնաժողովը ենթադրում է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» արհեստականորեն է բարձրացնում բեռնափոխադրման սակագները, որ խախտում է գնումների օրենքը, անցկացնում ձեւական մրցույթներ:

Իրավիճակի նրբություններից մեկն էլ այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղին», ինչպես հայտնի է, «Ռուսաստանի երկաթուղիների» դուստր ընկերությունն է: Հենց այս հանգամանքն էլ գրավել է «Կոմերսանտի» ուշադրությունը, եւ ՀԷՑ-ի հետ կապված պատմության հետ զուգահեռելով՝ նշված թերթը խնդիրը հետեւյալ պրիզմայով է նայել, թե՝ Հայաստանում ճնշում են ռուսական ներդրողներին ու նրանցից դժգոհ են։
Նկատենք, որ նման հրապարակումները հազիվ թե մեր երկրին ձեռնտու լինեն, քանզի կարող են որոշակիորեն ազդել հնարավոր այլ ներդրողների վրա: Հնարավոր է, մարդիկ մտածեն՝ դե, եթե «Ռուսաստանի երկաթուղիների» պես հսկային են ճնշում, ապա գուցե չարժե շտապել Հայաստանում ներդրումներ անելու պահով:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031