Հրազդանի քաղաքապետի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կարող է վերածվել ընդդիմադիր դաշտի որոշակի ինդիկատորի: Համենայն դեպս դրա մասին են վկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀԱԿ-ի միջև առաջացած որոշակի տարաձայնությունները ընտրական հանձնաժողովներում տեղերի վերաբերյալ:
Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրված՝ ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է ՀԱԿ-ին՝ հանձնաժողովի իր տեղերում նշանակել Սասուն Միքայելյանի ներկայացուցիչներին: ՀԱԿ-ը ըստ էության մերժում է այդ առաջարկը, համենայն դեպս՝ մինչև այժմ:
Ստեղծվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ, երբ Հրազդանի քաղաքապետի ընտրությանը ընդդիմություն-իշխանություն դիմակայությանը նախորդում է որոշակի դիմակայություն ընդդիմություն-ընդդիմություն տիրույթում:
Այս տեսանկյունից, Հրազդանի քաղաքապետի ընտրությունը ինչ- որ իմաստով վերածվում է համապետական ընտրություններում հնարավոր իրավիճակի փոքրիկ մոդելի: Իհարկե, համապետական ընտրությունները կունենան մի շարք կարևոր առանձնահատկություններ և հանգամանքներ, որոնք կլինեն այլ մասշտաբների, սակայն արդեն իսկ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ուրվագծվում է այն վիճակը, որը կարող է տեղի ունենալ ընդդիմադիր դաշտում առկա լղոզվածության պայմաններում:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում