Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը ողջունել է Նովրուզի կապակցությամբ Ալիևի հայտարարած համաներումը

Մարտ 18,2016 00:07

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը համաներում է հայտարարել Նովրուզի կապակցությամբ։ Նախագահի հայտարարած համաներումը տարածվել է Ադրբեջանում դատապարտված 148 անձի հանդեպ։ Այս նախաձեռնությունը գոհունակությամբ է ընդունել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքը։

Եվրոպացի պաշտոնյան ողջունել է նախագահ Ալիևի նախաձեռնությունն՝ ասելով. «Ես լավ լուրեր ստացա այն մասին, որ Ադրբեջանում այսօր համաներում է կիրառվել 148 անձի նկատմամբ։ Նրանց շարքերում են «Վացլավ Հավելի» մրցանակակիր (այս մրցանակը շնորհվում է 2012թ. ի վեր՝ Նյու Յորքի Մարդու իրավունքների հիմնադրամի կողմից) Անար Մամեդլին, քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ և իրավապաշտպաններ»։

Ադրբեջանում հայտարարված համաներմանը թվիթերյան իր էջում անդրադարձ է կատարել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Արտահայտելով իր գոհունակությունը՝ եվրոպացի դիվանագետը նշել է. «Լավ լուրեր ենք ստացել Ադրբեջանում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից։ Սա ոգևորում է՝ հաշվի առնելով երկու շաբաթ առաջ տեղի ունեցած մեր բանակցությունները Բաքվում։ Մենք կշարունակենք աշխատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»։

Տեղեկացնենք, որ 2016թ. մարտի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Նովրուզի կապակցությամբ, համաներում է հայտարարել երկրում, որը տարածվել է 148 անձի նկատմամբ, որոնցից 16-ը այլ երկրների քաղաքացիներ են։ Այդ անձանցից 137-ը ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկներից, 6-ի հանդեպ կիրառված կալանքը փոխարինվել է ուղղիչ հասարակական աշխատանքներ կատարելու պարտավորվածությամբ, 5 հոգու պարագայում էլ չեղյալ են հայտարարվել դատարանների սահմանած տուգանքները։

Նախագահ Ալիևի համաներումը տարածվել է մի շարք իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների հանդեպ, որոնք դատապարտվել էին խիստ տարօրինակ մեղադրանքներով (հարկերը վճարելուց խուսափելու, անօրինական բիզնես նախաձեռնելու, թմրանյութերի շրջանառության համար և այլն)։

Ի թիվս այլոց Ադրբեջանում տարածված համաներումը կիրառվել է նաև իրավապաշտպաններ Անար Մամեդլիի, Թալեհ Խաշմեմեդովի, Ռասուլ Ջաֆարովի, ակտիվիստներ Ռաշադ Հասանովի, Ռաշադաթ Ախունդովի, Մամադ Ազիզովի, ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուի, Յադիգյար Սադիգովի, լրագրողներ Փարվիզ Հաշիմովի ու Հիլալ Մամադովի հանդեպ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031