Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի որոշումը կարելի է նաեւ ընկալել որպես որոշակի ռեւերանս Եվրամիությանը»

Մարտ 18,2016 16:30

Ուկրաինացի փորձագետ Սերգեյ Գերասիմչուկը
վերլուծում է աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները

Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց ԵՄ պետությունների արտաքին գործերի նախարարների կողմից միաձայն ընդունված Ռուսաստանին վերաբերող հինգ սկզբունքների մասին: Որոշ ժամանակ հետո միջազգային լրատվամիջոցների գլխավոր լուրերում հայտնվեց՝ Ռուսաստանը դուրս է բերում իր ռազմաօդային ուժերը Սիրիայից: Կապվա՞ծ էին այս իրադարձությունները իրար հետ, եւ ի՞նչ հետեւանքներ կունենան դրանք նաեւ մեր տարածաշրջանում: Aravot.am-ը ներկայացնում է հայացք Կիեւից. այս մասին զրուցել ենք ուկրաինացի քաղաքական փորձագետ Սերգեյ Գերասիմչուկի հետ:

Ըստ մեր զրուցակցի՝ Եվրամիության կողմից այդ հինգ սկզբունքների ձեւակերպումը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը այլեւս չի կարող, օրինակ՝ չկատարել Ուկրաինային վերաբերող պարտավորվածությունները: «Եվրամիությունը հստակ բաժանել է՝ Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է անեն այս սկզբունքները, եւ ընդ որում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն լավանա, եթե Ուկրաինայի հետ կապված պարտավորվածությունները չիրականացնի»,- ասում է պարոն Գերասիմչուկը:
Նա անդրադառնում է նաեւ Եվրամիության պետությունների կողմից ընդունված երկրորդ սկզբունքին, որում ամրագրվում է Արեւելքի երկրների հետ ամուր հարաբերությունների ստեղծումը. «Եվրամիությունը հասկացնել տվեց, որ հիմա արդեն զարգացնելու է իր հարաբերությունները Արեւելքի իր գործընկերների հետ, ավելին՝ խոսքը ոչ միայն Արեւելյան գործընկերության պետությունների մասին էր, այլ նաեւ Կենտրոնական Ասիայում գտնվող պետությունների, ինչը նախկինում չէր եղել,- ասում է ուկրաինացի քաղաքական փորձագետը եւ ավելացնում:- Եթե մինչեւ այժմ այդ պետությունները գտնվում էին Ռուսաստանի ազդեցության տակ, հիմա Եվրամիությունը հստակ ասաց, որ ինքն էլ ցանկանում է դառնալ այդ գոտու խաղացողներից մեկը: Սա ազդանշան էր՝ ուղղված ոչ այդքան Ռուսաստանին, որքան Չինաստանին, ազդանշան, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել Կենտրոնական Ասիայի հետ: Եվ որովհետեւ Չինաստանը կարեւոր խաղացող է Կենտրոնական Ասիայում, Եվրամիությունը պատրաստ է աշխատել նաեւ նրա հետ: Դա նաեւ ազդանշան էր թուրքական աշխարհին, որովհետեւ մենք գիտենք, որ Եվրամիությունը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ, գիտենք, որ Կենտրոնական Ասիայի շատ պետություններ ունեն լուրջ թուրքական ազդեցություններ: Եվ այսպես ԵՄ-ն ասաց, որ պատրաստ է աշխատել ե՛ւ Թուրքիայի հետ, ե՛ւ պետությունների հետ, որոնք բարեկամական հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ»:

Պարոն Գերասիմչուկը նաեւ ուշադրության է արժանացնում սկզբունքներից վերջինը, որտեղ նշվում է, որ Եվրամիությունը կաջակցի քաղաքացիական հասարակությանը՝ ՌԴ-ի եւ ԵՄ-ի երիտասարդների միջեւ կապի ստեղծմանը.

«Սա ցույց է տալիս, որ չնայած Ռուսաստանի Դաշնությունը հիասթափեցրել է Եվրամիությանը, բայց վերջինս պատրաստ է ներդրումներ անել Ռուսաստանում հասարակական խնդիրները լուծելու համար»:

Ուկրաինացի փորձագետը նկատում է, որ Եվրամիությունն այլեւս Ռուսաստանին որպես մոտ գործընկեր չի ընկալում, դա նաեւ հասկացնում է Կովկասի պետություններին: «Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններ է ունենում միայն այն կետերի շուրջ, որոնք վերաբերում են Սիրիայում տիրող իրավիճակին, միջազգային ահաբեկչությանը: Միեւնույն ժամանակ՝ Եվրամիությունն առաջարկում է նորից սկսել հարաբերությունները Արեւելյան գործընկերության պետությունների հետ՝ հասկանալով նաեւ, որ նրանք ունեն նաեւ այլ շահեր: Այս պահին մենք տեսնում ենք որոշակի հարաբերությունների ձեւավորում Բելառուսի, Վրաստանի հետ:
Ցավոք սրտի, անհասկանալի իրադրություն է ստեղծվել Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում: Այստեղ, կարծում եմ, ամեն ինչ կախված է այդ երկրների ղեկավարներից,- ասում է պարոն Գերասիմչուկը:- Բայցի այդ, Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է շատ կապերով՝ տնտեսական, անվտանգության: Այս համատեքստում տպավորություն է ստեղծվում, որ հայաստանյան էլիտան առանձնապես մտահոգված չէ: Մյուս կողմից՝ Եվրամիությունը, չնայած իր որոշակի հաստատակամությանը, միշտ կարող է առաջարկել նոր համագործակցության ձեւաչափեր: Եվ այդ համագործակցությունների մասին Հայաստանում պետք է մտածեն»:

Պարոն Գերասիմչուկը նշում է, որ հիմա Երեւանում էլ առանձնապես հիացած չեն Ուկրաինայում այսօր տեղի ունեցողից, բայց նշում է, որ խնդիրներն այլ են, բացի այդ՝ այնտեղ կար իսկական ռազմական կոնֆլիկտ, որը հրահրվել էր Ռուսաստանի կողմից: «Երեւանում ասում են, որ եթե չմիանաք Ռուսաստանին, ապա, կոպիտ ասած, Ռուսաստանը Հայաստանը կտա Ադրբեջանին: Ես այս հարցում նորից վստահ չեմ, որովհետեւ եթե Ռուսաստանը սահմանափակի իր ներկայությունը Հայաստանում, ապա Հայաստանը չի մնա անմարդաբնակ կղզում Ադրբեջանի հետ:
Եվրամիությունը, ԱՄՆ-ը սկսել են ազդել Ռուսաստանի վրա եւ կարողացել են սահմանափակել Ռուսաստանի միջամտությունը Ուկրաինայում (մենք խոսում ենք Ուկրաինայում ռուսական զորքերի առկայության մասին, բայց չենք խոսում այլեւս ռազմական բախման մասին, կոնֆլիկտը սառեցված է): Աստված մի արասցե, եթե նմանատիպ խնդիր առաջանա Հայաստանում, ապա կարծում եմ, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ը թույլ չեն տա կոնֆլիկտի սրում: Եվ կարեւոր է, որ ԵԱՀԿ-ն հիմա ղեկավարում է Գերմանիան, ով ով, բայց Գերմանիան երբեք չի ցանկանա կոնֆլիկտի սրում»:

Պարոն Գերասիմչուկը ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից չի կապում Եվրամիության վերը նշված քայլի հետ: «Նախ եւ առաջ ռուսական զորքերի դուրսբերումը կապված է ռուս-ամերիկյան պայմանագրի հետ: Եվրամիությունն այնքան էլ ներգրավված չէ այս կոնֆլիկտում,- ասում է մեր զրուցակիցը՝ նշելով,- մյուս կողմից՝ Եվրամիությունը ընդգծեց, որ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի խնդրում: Պուտինի որոշումը կարելի է նաեւ ընկալել որպես որոշակի ռեւերանս Եվրամիությանը»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031