Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Քոչարյանի ՀՀԿ-ական խնամին՝ Օսկանյանի կուսակցության մասին

Մարտ 18,2016 16:00

Վոլոդյա Բադալյանը վստահեցնում է, որ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեն, բայց խոսում են միայն իրենց երեխաների թեմայով

«Ես տեղյակ չեմ: Ո՛չ տեղյակ եմ Օսկանյանի կուսակցության մասին, ո՛չ էլ Քոչարյանի»,- երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի, ՀՀԿ պատգամավոր Վոլոդյա Բադալյանն «Առավոտին» անմիջապես այսպես արձագանքեց, երբ դեռ որեւէ հարց նրան չէինք ուղղել:
Մենք հետաքրքրվեցինք՝ ո՞րն է Ձեր կարծիքը այդ կուսակցության մասին, տեսակետ կա, որ Վարդան Օսկանյանի կուսակցությունը կխառնի բոլորի խաղաքարտերը, համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «Տեղյակ չեմ: Ես ի՞նչ իմանամ, Օսկանյանին գնացեք հարցրեք, ոչ մի առնչություն ես չունեմ»:

Մեր դիտարկմանը՝ Քոչարյանի հետ հո առնչություն ունեք, նա պատասխանեց. «Քոչարյանի հետ առնչություն ունեմ, բայց այդ մարդու հետ ես չեմ շփվել, տեղյակ չեմ որեւէ հարցից, ես ձեզ ի՞նչ ասեմ, սխալ բա՞ն ասեմ, տեղյակ չե՛մ»:
Մեր հարցին՝ որպես պատգամավոր, ի՞նչ դիրքորոշում ունեք, քաղաքական դաշտում նոր կուսակցություն է ստեղծվում, Վոլոդյա Բադալյանը պատասխանեց. «Ես ոչ մի դիրքորոշում չունեմ»:

Պատգամավորի խոսքերով՝ «Ես Քոչարյանի հետ քաղաքական հարցեր չեմ կիսում, չեմ զրուցում»: Մեր զարմանքին՝ ո՞նց կարող են խնամիներ լինել եւ բարեկամական կապ չունենալ, չշփվել, չխոսել՝ նա պատասխանեց. «Մենք ընտանեկան մտերիմ հարաբերությունների մեջ ենք: Խոսում ենք մեր, մեր երեխեքի, մյուսի մասին, քաղաքականության մասին մենք երբեք չենք խոսում»:
Հիշեցնենք, որ 2013-ի խորհրդարանական ընտրություններում մամուլում աղմուկ բարձրացավ, որ Վոլոդյա Բադալյանը երբ քվեարկելուց հետո դուրս է եկել, նրա քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու ընթացքում հանկարծ ձեռքից ընկել է: Ընտրատեղամասում բոլորը տեսել են, որ ՀՀԿ-ական պատգամավորը քվեարկած է եղել ԲՀԿ-ի օգտին:

Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Վոլոդյա Բադալյանն ասաց. «Սուտ բաներ են, ոչ մի տենց բան չի եղել: Ամեն ինչ մտածում են, մի փոքր բան գտնեն, որ գրեն: Ես կնոջս հետ գնացել եմ, շատ գեղեցիկ ընտրել եմ Հանրապետական կուսակցության օգտին: Մի բան ուզում են գտնեն, էն ա որ աղմուկ բարձրացնեն: Չի եղել նման բան»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելը ողջունեց: Նրա խոսքերով՝ ես որեւէ խնդիր այդտեղ չեմ տեսնում, հատկապես, որ այն մարդիկ, որոնք ստեղծում են, քաղաքական դաշտում նոր չեն: Իրենց մոտեցումները հասարակության շրջանում անհայտ չեն: Խնդիր չեմ տեսնում: Դա նաեւ գալիս է նրանից, որ շատ մարդիկ քաղաքական գործընթացների հետ կապված տարբեր ուժերի հետ համատեղելիության խնդիր չլուծեցին»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն ասել էր, թե Վարդան Օսկանյանը միակ մարդն է, որը Մարտի 1-ի հետ որեւէ առնչություն չունի: Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ «Ասել նման բան ուղղակի անթույլատրելի է, չեմ ուզում այլ բառ ասել: Բոլոր նրանք, ովքեր այդ ժամանակահատվածում եղել են իշխանության մեջ կարեւորագույն եւ պատասխանատու պաշտոնների, առանց բացառության՝ ներառյալ այսօրվա իշխանությունները, բոլորը միարժեքորեն պատասխանատու են Մարտի 1-ի համար: Եվ դա ես չէ կամ մյուսները չեն, որ պետք է ասեն, դա ակնհայտ եւ ցցուն փաստ է, եւ չի կարելի նման պարզագույն ձեւերով փորձել խուսափել պատասխանատվությունից: Մարտի 1-ից զատ՝ ես շատ նորմալ եմ վերաբերվում, որ Վարդան Օսկանյանն ուզում է կուսակցություն ստեղծել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031