Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի հայկական խնդիրները «մանրադրամ» չդառնան

Մարտ 18,2016 15:30

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերություններում հայկական հարցի,  շփման գծում հետաքննությունների մեխանիզմների կիրառման միջնորդների առաջարկի մասին

– Մարտի 10-ին ՌԴ եւ ՀՀ նախագահների հանդիպումից հետո, որի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԼՂ կոնֆլիկտի կարգավորմանը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարող են գտնել միայն դրա մասնակիցները, այլ ոչ թե միջազգային միջնորդները: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են, որպեսզի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցման նպատակով հետաքննությունների մեխանիզմ կիրառվի, ինչն Ադրբեջանը հետեւողականորեն մերժում է: Նաեւ ԱՄՆ-ն է վերջին շրջանում փորձում ակտիվություն դրսեւորել հարցի կարգավորման գործընթացում: Այս ֆոնին ինչպե՞ս կբացատրեք ՌԴ-ի դիրքորոշումը` ի դեմս ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարության:

– Պեսկովը, երեւի, փորձել է օրիգինալ երեւալ: Ի՞նչ է նշանակում «հակամարտության մասնակից»: Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան Ուկրաինայի արեւելքում կոնֆլիկտի մասնակի՞ց են… Այդ դեպքում ինչո՞ւ են խառնվում, ինչո՞ւ են Կիեւին լուծումներ առաջարկում: Կան, չէ՞ Մինսկ-1, Մինսկ-2 եւ այլ համաձայնություններ, որ ձեռք են բերվել ոչ թե Կիեւ-Դոնբաս կամ Կիեւ-Մոսկվա, այլ միջազգային, այսպես ասած, կվարտետի ֆորմատով: Այլ բան է, որ ԼՂ հարցում Ռուսաստանը նույն շահագրգռվածությունը չունի եւ չի կարող ունենալ: Այդ խնդիրը հին է, կապված է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հետ, եւ Մոսկվային ձեռնտու չէ դրա լուծումը ո՛չ հօգուտ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի:

Միջնորդների առաջարկությունը շփման գծում մեխանիզմների ներդրման մասով, ես չգիտեմ, ինչո՞ւ է որոշակի խանդավառության տեղիք տալիս… Եթե կարծում ենք, որ ահա ԵԱՀԿ-ն գերզգայուն սարքեր կտեղադրի եւ ստատուս-քվոն կմիջազգայնացնի, ապա հաստատ սխալվում ենք: Շփման գծում իրավիճակի կայունացմանը, ԵԱՀԿ պնդումով, հետեւելու է բանակցային ինտենսիֆիկացում: Միջնորդները փորձելու են հասնել ճեղքման: Պատրա՞ստ ենք մենք դրան… Իհարկե, գերազանց կլիներ, եթե շփման գծում միջադեպեր չլինեին, իրավիճակը կայունանար, կողմերի միջեւ քայլ առ քայլ վերականգնվեր վստահությունը, Ադրբեջանն ընդուներ ստատուս-քվոն եւ լեգիտիմացվեր ԼՂՀ անկախությունը ներկայիս փաստացի սահմաններով… Բայց դա անուրջների ժանրից է:

– Բավական ուշագրավ էին նախագահների հանդիպումից առաջ Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի` մարտի 9-ին «Военно-промышленный курьер» պարբերականում հրապարակած` «Ֆորպոստը՝ հարցերով» վերնագրով հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձել էր ռուս-թուրքական պատերազմի հնարավորությանը, դրանում Հայաստանի ներքաշվելու հեռանկարին, ԼՂ կոնֆլիկտի հնարավոր զարգացումներին, նաեւ Հայաստանի 5 բանակային կորպուսների տեղակայման վայրերի եւ դրանց ունեցած սպառազինության վերաբերյալ տեղեկություններ էր հրապարակել: Այդպիսով ի՞նչ ուղերձ էր հայկական կողմերին ուղղում ՌԴ-ն:

– Այն, ինչ այդ փորձագետի հոդվածում է ասված, վաղուց հայտնի է, որովհետեւ Հայաստանը զեկույցներ է ներկայացնում եւ ԵԱՀԿ-ին, եւ ՄԱԿ-ին: Նույնը՝ Ադրբեջանի դեպքում: Խնդիրը գաղտնիք հրապարակելու մեջ չէ, երբեմն դա «փայլուն» անում է նաեւ հայկական մասս-մեդիան: Խրամչիխինի հոդվածը նողկալի է իմպերիական հայացքով, նրանով, որ ռուս-թուրքական ենթադրյալ պատերազմում Հայաստանին ընտրության տեղ չի թողնում, մեր հայրենիքը նրա համար, թող հայրենիքն ինձ ների, մի «պոլիգոն է»: Սա էր նողկալին եւ վիրավորականը, որի վրա, ի դեպ, ոչ ոք չծանրացավ: Թե չէ՝ ի՞նչ գաղտնիք է բացել… Կողմերը միմյանց հնարավորությունը շատ լավ գիտեն:

Բայց երեւի արդեն չարժե սեւեռվել Խրամչիխինի եւ մյուսների վրա: Սիրիայից զորքերի դուրսբերման մասին Պուտինի որոշումը հստակ ցույց տվեց, թե ինչ որակ, մակարդակ եւ, ամենակարեւորը՝ իրազեկվածություն ունեն ռուս փորձագետները եւ ամենատարբեր «գույնի» մեկնաբանները:

– Հայաստանում, ի դեպ, միանշանակ չընկալվեց նաեւ ՌԴ-ի կողմից այն զինատեսակների ցանկի հրապարակումը, որը պետք է ձեռք բերվեր հենց ՌԴ-ի կողմից տրամադրված 200 միլիոն դոլար վարկով: Ձեր կարծիքով` ով, ում եւ ինչ էր դրանով ցանկանում ասել:

– Դա արդեն լուրջ է: Այստեղ, իրոք, տեղեկատվական արտահոսք կա: Տպավորություն է, որ դա արվել է Ադրբեջանի համար: Հավելյալ ենթադրությունների կամ որակավորումների կարիք չկա՝ փաստն այնքան խոսուն է…

– «Մենք մշտապես հանդես ենք եկել եւ շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլեւ դատապարտվեն բոլորիս կողմից»,- մարտի 11-ին, Հայաստանի խորհրդարանում հայտարարել էր ՀԱՊԿ նախագահ Սերգեյ Նարիշկինը։ Մինչ այդ, սակայն, անցած տարեվերջին ՀՀ նախագահը, ապա՝ այս տարեսկզբին նաեւ ՀՀ պաշտպանության նախարարն էր դժգոհել ՀԱՊԿ-ի դիրքորոշումից` ՀԱՊԿ անդամ երկրի սահմանների ռմբակոծության փաստերով ՀԱՊԿ-ի ոչ համարժեք արձագանքից: Աշխարհաքաղաքական եւ ռուս-թուրք-ադրբեջանական ներկայիս հարաբերություններն ի՞նչ անդրադարձներ կարող են ունենալ հայկական պետությունների վրա ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում:

– Գիտե՞ք, երբ ընտրության հնարավորությունը վատի եւ վատագույնի միջեւ է, չարյաց փոքրագույնն ընկալվում է բարյաց առավելագույն: Մենք պետք է շատ պարզ հասկանանք, որ ՀԱՊԿ-ն Ադրբեջանի դեմ ռազմական միջամտություն չի կիրառելու: Խնդիրն ավելի Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերությունների տիրույթում պիտի դիտարկվի, քան ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության: Իմ անձնական կարծիքն է սա: Իսկ որ ԼՂ խնդիրը պետք է խաղաղ-բանակցային ճանապարհով կարգավորվի, դա բոլորն են ասում, Նարիշկինը բացառություն չէր կարող լինել: Հարցն այն է, թե ով ինչպես է դրան նպաստում կամ խոչընդոտում փաստացի քայլերով:

– Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու՝ ինչ-որ առումով անսպասելի որոշումը էականորեն նոր իրավիճակ է ստեղծում: Հայկական պետությունների համար այս իրավիճակն ի՞նչ սպառնալիքներ է բերում, մանավանդ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ վերջին շրջանում ռուսական ԶՈՒ-ի ներկայությունը Հայաստանում բավական նկատելիորեն ավելացել է:

– Ես չեմ կարող միանշանակորեն ասել՝ վտանգը Սիրիայում ռուսական զորքի ներկայությո՞ւնն է, թե՞ այնտեղից Ռուսաստանի հեռանալը: Ճիշտ նույն ձեւով չեմ կարող ասել՝ Հայաստանի անվտանգությունը շահո՞ւմ է երկրում ռուսական ԶՈՒ-ի նկատելիորեն ավելացումից, թե՞ ընդհակառակը՝ տուժում: Ես մի բան գիտեմ՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեր հայրենիքը, Չարենցի ասած, չդառնա «բարբարոս սրերի հեսան»:
Իսկ որ Ռուսաստանը զորքերը դուրս է բերում Սիրիայից, դա կգնահատեի որպես Չեչնիայում խաղաղություն հաստատելուց հետո ՌԴ նախագահ Պուտինի երկրորդ եւ իր նշանակությամբ ավելի վճռական որոշումը՝ հանուն Ռուսաստանի: Պարզապես եթե դրան հետեւելու է, ես կարծում եմ՝ հետեւելու է, ռուս-թուրքական հարաբերությունների վերբեռնումը, պետք է բոլոր ռեսուրսները մոբիլիզացնել, որպեսզի աշխարհաքաղաքական բոլորովին նոր միջավայրում հայկական խնդիրները չդառնան «մանրադրամ»:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031