Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոցի անվտանգության աշխատակցի ցուցմունքն ո՞վ էր գրել

Մարտ 18,2016 13:30

«Արմենիա» բժշկական կենտրոնի գույքը փչացնելու, իշխանության ներկայացուցիչներին՝ ոստիկաններին եւ տեղի անվտանգության աշխատակիցներին վնասվածքներ պատճառելու գործով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժողների՝ դատարան չներկանայալու պատճառով նիստը մի քանի անգամ հետաձգվել է: Սակայն երեկ վերջապես շարունակվեց Արգիշտի Գոմցյանի եւ Հարություն Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դատարան էր ներկայացել հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը՝ Գեւորգ Մարդոյանը: Չնայած վերջինիս դատարանում տված ցուցմունքից հետո կասկածելի էր, թե արդյոք նա անվտանգության աշխատակի՞ց է, թե՞ ոչ:

Տուժողն այդպես էլ չգիտեր, թե ինչի համար էր տուժող ճանաչվել, քանի որ չգիտեր անգամ, թե ձախ թեւի ո՞ր հատվածին է հարված ստացել:
Դատավոր Վարդան Աբրահամյանի հարցին, նա հայտնեց, թե չի բուժվել, քաղհայցի պահանջ էլ չուներ:

Նշենք, որ շտապօգնության ավտոմեքենայով ալկոհոլային թունավորման ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված Հարությունը կաթիլայինի ռեակցիայից հետո տարօրինակ վարքագիծ է դրսեւորել, ինչին միջամտել են հիվանդանոց հրավիրված ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներ պատճառելով իրենց դիմած հիվանդին:

«Երկար վախտ է անցել, չեմ հիշում»,-իր ցուցմունքը դատարանում սկսելով՝ վկան ասաց, որ հիշում է, թե ինչպես են շտապօգնության մեքենայով Հարությունին բերել ընդունարան: Նա ցեխոտ շորերով էր: Հարությունի հետ ընկերն էր՝ Արգիշտին, որի հետ, տուժողի ասելով, զրուցելիս է եղել, երբ հեռախոսով զանգել է ընկերը, «կապ տվել», ասելով, թե «շուտ հասեք, ռեանիմացիա»:

Տուժողը նկարագրեց այդ դրվագը. «Ոստիկանները ներս մտան, իրան պահեցին, տեսա, թե ինչպես ոստիկանն ընկավ գետնին, ես էլ նրան առաջին օգնություն ցույց տվեցի»:
Դատախազ Է. Արամյանի հարցին, թե ինչի մասին էիք խոսում ամբաստանյալ Արգիշտի Գոմցյանի հետ, վկա-տուժողը պատասխանեց, թե՝ «ասել եմ, զանգիր, թող տնեցիները գան, ասում էր, ընկերս լավ չէր»:

Պարզվեց, որ այս տուժողին զանգել է ոստիկան Վրեժ Ղուլյանը: Նա էլ ասել էր, թե «ինչ-որ կռիվ էր եղել»: Վկան նաեւ հիշեց, թե՝ «Հարությունը էս ու էն կողմ էր գնում, գոռալով, հայհոյում էր, օդի մեջ: Իրեն որ պահել եմ, թեւիս թեթեւ հարվածեց»:
Հարություն Մկրտչյանի պաշտպան Սերգեյ Աբրահամյանի հարցին, թե «Դուք անձամբ լսե՞լ եք հայհոյանքը»: Տուժողը պատասխանեց, թե լավ չի հիշում: Հիմնավորեց, թե ինչու չի հիշում, քանի որ երկու տարի է անցել դեպքից, իսկ ինքն էլ ցուցմունք է տվել երկրորդ օրը:
«Եթե հարվածեր Հարությունը, դուք կհիշեի՞ք»,- հարցին էլ պատասխանեց՝ «Չեմ կարող ասել»:

Պաշտպանի մեկ այլ հարցին, թե Հարությունին կիսամերկ պառկած տեսե՞լ է, տուժողն ասաց՝ չի հիշում:

Իսկ ամբաստանյալներից ով ինչ է արել հարցին էլ, անվտանգության աշխատակից ներկայացածը այդպես էլ չհիշեց, ասելով, թե իր գործը եղել է ոստիկանին առաջին օգնություն ցույց տալը: Սա, իհարկե, համոզիչ չէ այն պարզ պատճառով, որ առաջին օգնությունը ոստիկանին կարող էր ցույց տալ նույն այս բուժհաստատությունը, որի կանչով հայտնվել էին ոստիկաններն այդտեղ:

Տուժողը չհիշեց, թե ոստիկաններից ով է հարվածել ամբաստանյալներին, իսկ թթվածնի բալոնի հետ կապված, որը, ըստ մեղադրող կողմի, նույնպես նետվել է ոստիկանների ուղղությամբ, վկան ասաց, թե չի ասել՝ «նետել են», այլ ասել է՝ «քցել են»:
Հարություն Մկրտչյանի երկրորդ պաշտպանի՝ Վահագն Մանուկյանի հարցերը արտաքուստ կարող էր թվալ, թե կրկնվում են, մինչդեռ այս պաշտպանի հարցերից պարզ դարձավ, որ անվտանգության աշխատակիցը չի տեսել, թե ինչպես է Հարությունը անգիտակից ընկած եղել միջանցքում, սա այն դեպքում, երբ վկաներից պնդել են, որ մինչ ոստիկանների գալը տեսել են Հարությունին այդ վիճակում:

Տուժողը ոչ Հարությունին, ոչ Արգիշտիին մարմնական վնասվածքներով չէր տեսել:
Նախաքննության ժամանակ եւ դատարանում տրված ցուցմունքների մեջ 180 աստիճանի հակասություններ տեսնելով՝ Վահագն Մանուկյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվի տուժողի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը:

Թթվածնի բալոնի իր վրա նետելու հատվածը, երբ հրապարակվեց, այս տուժողը մեկ էլ պոռթկաց, ասելով, թե՝ «նետել, շպրտել իմաստով չեմ գրել, այլ՝ քցել իմաստով»:
Ապա բորբոքվեց. «Ե՞ս եմ գրել, պատմել եմ, գրել են»:

Թվում էր կհետեւի հարցը, թե անվտանգության աշխատակցի վրա եղե՞լ են արտաքին ազդեցություններ, սպառնալիքներ, կամ թե ո՞վ է գրել այդ ցուցմունքը, սակայն այդ հարցը չտրվեց:

Դատարանում վկան ասել էր, թե լսել է, որ մինչ ոստիկանների գալը քաշքշուկ է եղել, իսկ նախաքննության ժամանակ ասել էր, թե ինչպես է հիվանդանոց բերված տղան բռունցքով հարվածում ոստիկանին. «Տեսա այդ տղան հարձակվեց Վրեժ Ղուլյանի վրա, ոտքերով, ձեռքերով հարվածներ էր տալիս աջ ու ձախ: Ինչ կա՝ գրված է»:

Վահագն Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ վկան նախապես զգուշացված լինելով՝ ակնհայտ սուտ ցուցմունք է տալիս:

Հարություն Մկրտչյանը ստացավ նկատողություն, երբ տեղից դիմեց տուժողին՝ թե քո տվածի վրա եմ ես հայտնվել անազատության մեջ, հարցնելով, թե որ ցուցմունքն է ճիշտ, պնդում:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031