Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգի դպրոցը 3 առաջին դասարանցի եւ 2 շրջանավարտ ունի

Մարտ 18,2016 13:00

Երիտասարդները ձգտում են ընտանիք կազմել գյուղից դուրս,
քանի որ Եղեգում համապատասխան պայմաններ չկան

Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցը բոլոր մարզային դպրոցների նման խնդիրներ ունի, աշակերտները քիչ են, որովհետեւ երիտասարդ ընտանիքներն են քիչ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը, չնայած խնդիրներին, մանկավարժները հաճույքով են աշխատում: Տնօրենի խոսքով, դպրոցը նորակառույց է, կառուցվել է 2010թ., հետեւաբար ունի կահավորելու եւ համապատասխանեցված դասասենյակներ ունենալու խնդիր: «2013թ. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում բարեկարգել ենք դպրոցի մարզադահլիճը: Այս ուսումնական տարում եւս հնարավորություն ընձեռվեց մասնակցելու «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրին, մեր հիմնախնդիրը ներկայացրել էինք, ցանկանում էինք ունենալ բուժկետ՝ դպրոցի դասասենյակներից մեկը վերափոխելու արդյունքում:

Հիմնախնդիրը չենք կարող լուծել, որովհետեւ դրամաշնորհային մրցույթում հաղթող չենք ճանաչվել, բայց վստահ եմ, որ ձեռք բերած գիտելիքների շնորհիվ մեր աշակերտները կկարողանան գտնել նոր գործընկերներ ու հնարավոր կլինի լուծել այդ խնդիրը»,- ասաց մեր զրուցակիցը: Նրանից պարզեցինք, որ դպրոցն այս պահին ունի 37 աշակերտ: Կրթօջախը գտնվում է Կապան քաղաքից 28կմ հեռավորության վրա, սպասարկում է մի քանի համայնքների երեխաների: «Մասնագետ ուսուցիչների պակաս ունենք, խոսքը մաթեմատիկա, ֆիզիկա առարկաների մասին է, որ պարապում են ոչ մասնագետները: Իսկ ընդհանրապես մնացած բոլորն ունեն բարձրագույն կրթություն եւ համապատասխան որակավորում: Դասագրքերի հարցը եւս լուծված է, աշակերտներն ապահովված են դասագրքերով»,- հավաստիացրեց տիկին Գանդալյանը:

Քանի որ աշակերտ-թվով է ֆինանսավորվում դպրոցը, հետաքրքրվեցինք՝ արդյոք այդքան քիչ աշակերտների դեպքում ֆինանսական բեռը հաղթահարելը բարդ չէ՞: «Դպրոցը տիպային է, ֆինանսավորման խնդիր չունի, սպասարկում է 4 համայնքների: Զուտ ճանապարհածախսի հարց կար, որը 100 տոկոսով ֆինանսավորում է մարզպետարանը՝ 2014 թվականից»,- պատասխանեց տնօրենը:

Պարզեցինք նաեւ, որ առաջին դասարանում 3 աշակերտ է սովորում, երկուսը Սեւաքարից, մեկը՝ Եղեգից, ու քանի որ բազմահամակազմ դասարաններ են, ուսուցումը կազմակերպվում է կոլեկտիվ եղանակով:

Հարցրինք՝ իր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ սակավաթիվ են դպրոցի աշակերտները: «Կոնկրետ ես 2011-ից եմ այդ համայնքի դպրոցում տնօրեն: Պատճառն այդքան արտագաղթը չէ, որքան երիտասարդ ընտանիքների պակասը: Աղջիկներն ամուսնանում- գնում են գյուղից, տղաներն էլ ընտանիք կազմում են Կապան քաղաքում, քանի որ գյուղում չկան համապատասխան պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ընտանիքները պահել»,- նշեց տնօրենը:

Եղեգի միջնակարգ դպրոցն այս տարի երկու շրջանավարտ կունենա, երկու աղջիկ՝ մեկը Սեւաքար, մյուսը Եղեգ համայնքից: Երկուսն էլ ուզում են քոլեջ ընդունվել հենց Կապանում:
Տիկին Գանդալյանը նշեց, որ սիրով է աշխատանքի գալիս, ասում է՝ իր կոչումն է մանկավարժությունը, եւ եթե նորից մասնագիտություն ընտրեր, կրկին մանկավարժությունը կընտրեր:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Մերի Գանդալյանի լուսանկարը՝
հեղինակի:

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031