Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորից մագիստրատուրայի մասին

Մարտ 18,2016 12:00

Վերջերս մագիստրոսական կրթությունը նորից քննադատության թիրախ դարձավ թե մամուլում եւ թե ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ասուլիսում: Հիմնական մտահոգությունն այն է, որ եթե ներկայումս բակալավրի շրջանավարտը ստանում է պրոֆեսիոնալ հմտություններ մասնագիտական ավանդական խնդիրներ լուծելու համար, ապա մագիստրատուրան իր կրթական հայեցակարգով մինչեւ այժմ ամբողջովին չի ընկալվում համալսարանների կողմից, եւ այդ իսկ պատճառով` բովանդակային առումով դեռեւս չի կայանում:

Մագիստրոսը, ստանալով հավելյալ կրթություն, գործնականում արհեստավարժ մասնագետի «ավանդական» պարտականություններից ավելին է կատարելու, մասնավորապես` լուծելով կառավարչական, գիտահետազոտական եւ ինովացիոն խնդիրներ: Գործատուն մագիստրոսներից ռացիոնալիզատորական առաջարկների, նորամուծությունների, գիտական բնույթի հետազոտական արդյունքների սպասելիքներ ունի եւ այդ է պատճառը, որ մագիստրոսական կրթության ուսումնական պլանները պետք է խիստ տարբերվեն բակալավրիատից:

Միջազգային փորձը վկայում է, որ մագիստրատուրան բուհերում հիմնականում երկու ուղղությամբ է կազմակերպվում: Մագիստրոսական կրթության «ուղղահայաց» կազմակերպումը ենթադրում է բակալավր շրջանավարտի նեղ մասնագիտացում, երբ ուսումնառության ծանրության կենտրոնը տեղափոխվում է մասնագիտության խորացմանը: «Հորիզոնական» մագիստրոսական կրթությունն առավելապես նպատակաուղղվում է ոչ թե մասնագիտացմանը, այլ գործնական կառավարման ոլորտում մագիստրոսի ճկուն հմտությունների ձեռքբերմանը` «հետազոտող-կառավարիչ-դասավանդող-ռացիոնալիզատոր» բաղադրիչներով:

Ներկայիս մագիստրատուրան մեր բուհերում կրթության համատարած «ուղղահայաց» ուղղվածություն ունի, եւ այդ պատճառով որոշակիորեն չի արդարացնում իրեն, ուստի պետք է բարեփոխումների ենթարկվի հետեւյալ ուղղություններով.
ա) մագիստրատուրան պետք է կազմակերպվի գիտահետազոտական հենքով ողջ կրթության ընթացքում, եւ ոչ միայն ավարտական կիսամյակում` ավարտական թեզերով, որոնք հաճախ գիտագործնական նշանակություն չունեն,
բ) մագիստրոսական թեզերի որակի վերահսկողությունը պարզապես անվերահսկելի է դարձել, անգամ գրախոսությունների եւ պետական քննական հանձնաժողովների առկայության պարագայում: Այդ պատճառով պետք է նախարարությանը կից ստեղծվի «Թեզերի գրանցման կենտրոնացված ռեգիստր», որը կբացառի պլագիատը եւ կվերահսկի որակը,
գ) բակալավրիատում դասավանդման տեխնոլոգիաները չպետք է փոխադրել մագիստրատուրա եւ կրթությունը ձանձրալի դարձնել մագիստրոսի համար: Մագիստրատուրայում դեռեւս ակտիվորեն չեն կիրառվում կլոր սեղաններ, միջառարկայական քննարկումներ, բանավիճային ակումբներ, վեբ/սեմինարներ եւ փոխարենը` նույն ստանդարտներով բակալավրիատի թելադրական դասախոսություններն ու սեմինար պարապմունքներն են:

Եվ ի վերջո, մագիստրատուրան պետք է շուկայամետ լինի եւ առավելապես հաշվի առնի աշխատաշուկայի պահանջները: Այլապես, այն կորցնում է իր առաքելությունը եւ հասարակության շրջանում հաճախ դիտարկվում է որպես «երկամյա կրթական ավելորդ բեռ» կամ ասպիրանտուրա ընդունվելու միջոց:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
17.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031