Ըստ մասնագետների` մարդու աչքը կարող է տարբերակել 10 միլիոն գունային երանգ։ Տեսողության շնորհիվ մարդը տարբերում է շրջապատի առարկաները, երեւույթները, ընկալում սեփական մարմինը։ Հազարավոր տարիների ընթացքում կուտակված փորձը սերունդներին է փոխանցվել գրքերի, գրավոր խոսքի միջոցով։ Տեսողության շնորհիվ մարդը սովորում է գրել եւ կարդալ։ Տեսողությունը հսկայական դեր ունի աշխատանքային գործունեության ընթացքում։ Ահա այն կարեւորագույն հատկանիշներից մի մասը, որի շնորհիվ այդքան կարեւոր է տեսողության պահպանումը: Հայտնի է, որ տեսողության վրա վնասակար ներգործություն ունեն A վիտամինի պակասը, ոգելից խմիչքները, թմրանյութերը, ծխելը, հատկապես պատանեկան հասակում։ Վնասակար է նաեւ աղի չարաշահումը, տարատեսակ համային հավելումները: Ծխախոտի նիկոտինը եւ մյուս թույներն առաջացնում են տեսողական նյարդի վնասվածք։
Առանձնացված է այն վիտամինների ցանկը, որոնք անհրաժեշտ են լավ տեսողություն ունենալու համար:
Վիտամին A-ն կանխում է աչքի ցանցաթաղանթի դեգեներացիան եւ բարելավում է տեսողության սրությունը:
Վիտամին C-ն կարգավորում է աչքի հյուսվածքի միկրոշրջանառությունը եւ տոնուսը:
Վիտամին E-ն կանխում է կարճատեսության զարգացումը եւ ոսպնյակի պղտորումը:
B խմբի վիտամինները կարգավորում են տեսողական ներվաթելերի աշխատանքը եւ մասնակցում վիտամինների յուրացման գործընթացին:
Վիտամին D-ն եւ օմեգա 3 պոլիչհագեցած ճարպաթթուները կանխում են ցանցաթաղանթի դեգեներացիայի զարգացումը:
Լավ տեսողության համար, որքան որ վիտամիններն են կարեւոր, այնքան էլ` որոշ միկրոտարրեր` կալիում, կալցիում, ցինկ, սելեն, նաեւ հակաօքսիդանտներ, որոնք հիմնականում պարունակում են կանաչ եւ դեղին բանջարեղենները` եգիպտացորեն, սպանախ, բրոկկոլի եւ այլն:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2016