Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿՎԱԾ ԹԵՄԱ

Մարտ 18,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ   քսանչորսերորդ

ՓԱԿՎԱԾ ԹԵՄԱ

Եվ Վարուժը հանկարծ լրջացավ ու խիստ տոնով ասաց՝ «դու հեչ իրավունք չունես հետս էդ տոնով խոսաս», եւ ես հարցրի՝ «ի՞նչ  տոնով եմ խոսում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «արհամարհական» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «կարող ա՞ դու քո չհավանած բանաստեղծության տակ ստորագրությունդ դնեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու լրջանալով ասացի՝ «լիքը բանաստեղծություններ ունեմ, որ չեմ հավանում, բայց իմ անունով  եմ տպագրել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հիմա չես հավանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ էն վախտ չհավանեիր, չէիր տպի», եւ ես մի քիչ մտածեցի ու համաձայնվելով ասացի՝ «էդ մեկը ճիշտ ես ասում», եւ Վարուժը նեղսրտած հարցրեց՝ «ինչի ո՞ր մեկն եմ սխալ ասում» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «հիմի որ ճաշակդ բարձրացել ա, էն նախկին գրածներդ չես հավանում» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «բայց որ ինձ հարցնես, էն առաջվա գրածներդ ավելի լավն էին, քան՝ հիմիկվանները», եւ ես մի քիչ մտածեցի ու քմծիծաղով հարցրի՝ «դու էլ ինձնից ե՞ս մուռ հանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ճաշակդ էնքան ա բարձրացել, որ էդ չսկսած ու կիսատպռատ նկարս էիր հավանել», եւ ես ժպտալով ասացի՝ «կներես, որ հավանել եմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո իրավունքն ա» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց մոլբերտի վրայի գորշավուն կտավին ու փռթկացնելով  ավելացրեց՝ «իրավունք ունես էս նկարս էլ հավանես» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «բայց իրավունք չունես ստիպես, որ սրա տակ ստորագրությունս դնեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու սրտնեղած ասացի՝ «քեզ ոչ ոք ոչ մի բան չի ստիպել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «բա  ինչի՞ ես հետս էդ տոնով խոսում», եւ ես զարմացած հարցրի «ի՞նչ տոնով եմ խոսում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի տեսակ մուննաթով ես խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ճիշտն ասած, էդ հավանածդ նկարը որ ջնջում էի, որոշ մեղքի զգացում ունեցա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «զգացված եմ», եւ Վարուժը թարս նայեց ինձ ու ասաց՝ «հերիք ա մուննաթ գաս», եւ ես նեղսրտած ասացի՝ «ուրիշ վախտ ասում ես, որ ես միակ գրողն եմ, որ նկարչություն եմ հասկանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էլի եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ Կոջոյանն ու Թերլեմեզյանն ես ավարտել», եւ ես ասացի՝ «Թերլեմեզյանում ընդամենը մի տարի եմ  սովորել», եւ Վարուժը փռթկացնելով ասաց՝ «կներես, որ կենսագրությունդ լավ չեմ ուսումնասիրել» եւ մի  քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ես միշտ ասել եմ ու կասեմ, որ նույնիսկ նկարիչները քո չափ նկարչություն չեն հասկանում», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած ասացի՝«էսօր հակառակն ապացուցեցիր», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ո՞նց հակառակն ապացուցեցի», եւ ես նեղսրտած պատասխանեցի ու ասացի՝ «ապացուցեցիր, որ նկարչական ճաշակիս հեչ չես  վստահում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտը որ  ուզում ես իմանաս, էսօր դու հակառակն ապացուցեցիր» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «մտքովս չէր անցնի, որ էդ կիսատպռատ անհեթեթությունը կարող ա հավանես», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած ասացի՝ «էդ նկարի թեման փակենք», եւ Վարուժը զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «զարմանում եմ, որ բերանդ բռնում ա՝ դրան նկար ես ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես ավելի եմ զարմանում», եւ Վարուժը հարցրեց՝ «դո՞ւ ինչի ես զարմանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «զարմանում եմ, որ նկարդ գովում եմ, ու դու փոխանակ ուրախանաս, դրանից նեղվում ես», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ո՞ր նկարս ես գովել», եւ ես նեղսրտած ասացի՝ «էդ ջնջածդ նկարը», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նոր դու ասեցիր, որ էդ նկարի թեման փակում ենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ նկարն արդեն գոյություն չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էդ նկարի մասին պիտի մոռանաս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ նկարը հնարավոր չի մոռանալ», եւ իսկապես, արդեն քսան տարուց ավելի է՝ էդ նկարը մտքիցս ու մտապատկերիցս չի ջնջվել, եւ զարմանալին էն է, որ  ինքը՝ Վարուժն իր էդ նկարը չէր ընկալում ու չէր հավանում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031