Գաֆէսճյան արվեստի կենտրոնի 2016 թվականի առաջին ցուցադրության՝ «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» շարքի հանդիսավոր բացումը կայացավ մարտի 17-ին: Արվեստագետի 75-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրության շրջանակում ներկայացված աշխատանքները մատնանշում են հեղինակի ոճական և ստեղծագործական ուղու զարգացումը 1960-ականներից մինչև օրս: Նկարչին շնորհավորելու և կտավներով ոգեշնչվելու էին եկել մի շարք հայտնի ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական գործիչներ:
Բացման խոսքում ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը ընդգծեց Էլիբեկյանի կարևոր դերը հայկական մոդեռնիստական արվեստում: Ի պատասխան՝ ականավոր նկարիչը իր երախտիքը հայտնեց արվեստի կենտրոնին՝ իրեն հրաշալի անակնկալ մատուցելու համար: «Արվեստագետի համար շատ հուզիչ է իր աշխատանքների՝ այսքան բարձր գնահատվելը: Բազմաթիվ երկրներում պատիվ եմ ունեցել աշխատանքներս ներկայացնելու, սակայն մինչ օրս կայացած ցուցադրություններից լավագույնը ինձ համար սա է», կիսվեց իր տպավորություններով:
Կարդացեք նաև
Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թ. Թբիլիսիում արվեստագետների ընտանիքում: 1965-ին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Էլիբեկյանը գեղանկարչությանը զուգահեռ լայն գործունեություն է ծավալել նաև որպես բեմանկարիչ՝ Հայաստանում և արտերկրում ձևավորելով բազմաթիվ ներկայացումներ: Միևնույն ժամանակ հանդես է եկել որպես հայկական որոշ ֆիլմերի բեմադրող նկարիչ:
Արվեստագետի աշխատանքները Հայաստանից զատ ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Լիբանանում: Իր բեղուն մշակութային գործունեության համար արժանացել է բազմաթիվ պարգևների և կոչումների:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ