Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ՃՈ պետը նույնիսկ Ռազմիկի ոտքերի տակ ատրճանակի կրակոցներ է արձակել». Իրավապաշտպանի հիշողությունները Մատաղիսի գործով

Մարտ 17,2016 20:22

«Մենք շահեցինք այն, որ անմեղ մարդիկ չդատապարտվեցին, ճիշտ է քրեական գործը բացահայտված չէ, ու մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, բայց հայաստանյան դատարաններում մեզ հաջողվեց անմեղ մարդկանց ազատության մեջ տեսնել»,- այսօր Մատաղիսի գործով հրապարակված ՄԻԵԴ-ի որոշմանն անդրադառնալով՝ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Ըստ նրա` «Ցավալի է, որ ՄԻԵԴ-ը խոշտանգումների մասով չի հաստատել, որովհետեւ ցուցմունքները տղաներից կորզվել են ակնհայտ խոշտանգումների արդյունքում: Գուցե ապացույցների անբավարար լինելն է պատճառը, որ ՄԻԵԴ-ը խոշտանգումներ չի արձանագրել, չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումներ եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք) խախտում չի եղել։ Դատարանը նշել է, որ զինծառայողների գործով խախտվել է կոնվենցիայի 3-րդ հոդվածի խոշտանգումների ենթարկված անձանց հարցով արդյունավետ հետաքննության մասին դրույթը, իսկ Զալյանի մասով խախտվել 5-րդ հոդվածի 1, 2, 3 կետերը (ազատության եւ անվտանգության իրավունքը)։

Հիշեցնենք նաեւ, որ 2004 թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ՝ 2003 թ. դեկտեմբերին սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով: Սկզբում նրանք հարցաքննվել են որպես վկաներ, ապա զինվորական ղեկավարությունը փորձել է բռնությամբ ստիպել, որ վերջիններս ընդունեն մեղքը:

Իրավապաշտպանին ՄԻԵԴ-ի վճիռը հիշեցրել է տարիներ առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ կատարած իր այցելություններն ու երկու զինծառայողի սպանության մեջ անհիմն մեղադրվող երեք զինծառայողների պատմությունները. «Մատաղիսի գործը քննող քննիչը՝ Արմեն Հակոբյանը, որը հիմա Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետն է, տղաները պատմում էին, թե ինչ տեսակի բռնությունների է ենթարկել: Անհավանական խոշտանգումների է ենթարկել: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այդ մասին ինձ պատմել են Ռազմիկ Սարգսյանն ու այն ժամանակ դեռ հացադուլի մեջ գտնվող Արայիկ Զալյանը:

Ռազմիկին տանջում ու խոշտանգելով ցուցմունքներ էին կորզում, Արայիկն ու Մուսա Սերոբյանը միջանցքում նստած սպասում էին ու մտածում, որ հիմա իրենց հերթն էլ է գալու: Նույնիսկ Ռազմիկի ոտքերի տակ ատրճանակի կրակոցներ է արձակել: Ես առաջիններից եմ եղել, որ այցելել եմ զոհվածների ընտանիքին, եթե չլիներ երկրորդ զոհվածի ընտանիքը, որոնք աջակցեցին ու կարողացան տղաներին ազատության բերել , ապա գուցե հնարավոր չլիներ բացահայտել: Քրեական գործի նյութերից էլ էր պարզ երեւում, թե ինչպես են կեղծել, ինչպես են երկու զինվորների մահը նույն օրը դարձրել: Ունենալով Հայաստանում նման դատական համակարգ՝ մեծ նվաճում էր, տղաներին այստեղ ազատ արձակելը, արդարացնելը, իհարկե միջազգային կազմակերպությունների ճնշումների ներքո դատարանը գնաց այդ քայլի, բայց փաստորեն ակնհայտ անմեղ մարդիկ, որոնց ցմահ դատապարտման էին ենթարկել, արդարացվեցին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031