Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում էր ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Մարտ 17,2016 19:45

Մարտի 14-ից 17-ը հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ-ի ու ԳհԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի,  Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավվել էին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային-ռազմավարական հետազոտությունների, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Արմեն Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների և Ենթասպաների դպրոցի ղեկավար և փորձագիտական կազմերը:

Այցի նպատակն էր ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների և պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2015թ. համագործակցության ծրագրերի ամփոփումն ու փոխգործակցության հետագա ուղիների համաձայնեցումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած քննարկումներում հայկական կողմը ներկայացրեց պաշտպանական կրթության ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում կյանքի կոչված բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ: Շեշտը դրվեց նոր մեկնարկած դասընթացների, ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, ինչպես նաև ոլորտի բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնությունների և բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթները կյանքի կոչելու հարցերի վրա: Նմանատիպ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը:

Մարտի 15-ից 17-ը կազմակերպվեցին միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ և հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում և Ենթասպաների դպրոցում ներկայացվեց խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, առաջիկա տարիների համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելու նկատառումները: ՀՀ ՊՆ Հրամանատարաշտաբային դասընթացների ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրեց զեկուցում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» թեմայով` մտասևեռվելով օպերատիվ մակարդակում դրա կենսագործման հարցերի վրա:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հաստատության ղեկավարը և ուսումնական գործընթացի ու հետազոտական  մասի պատասխանատուները ներկայացրեցին Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա համալսարանի կերպափոխման գործընթացը, համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները: Նշվեց նաև, որ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտություններին:

Խորհրդատվական խմբի այցն ավարտվեց մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ կայացած հանդիպմամբ, որի ընթացքում խորհրդատվական խումբը տեղեկացրեց այցի արդյունքների մասին: Կողմերը համաձայնեցրեցին 2016թ. և անդին հայկական ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի համագործակցության կոնկրետ ծրագրեր և ուղենիշներ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն հայտնեց Հայաստանում պաշտպանական կրթության բարեփոխումների ջանքերին միջազգային խորհրդատվական խմբի զգալի և շարունակական աջակցության համար:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Анна says:

    Это почему переводы убрали, чтоб вашу ложь утаить?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031