Ավան եւ Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 2015 թ, հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ծառայակիցների կողմից կուրսանտ Հայկազ Բարսեղյանին խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանության գործի հերթական նիստը:
Այսօր նիստին հրավիրվել էին հոգեբան փորձագետներ, ակադեմիկոս Էլդա Գրինը եւ գիտությունների թեկնածու Մարիամ Մեհրաբյանը, որոնք շուրջ վեց ամիս դատաձեռագրաբանական փորձաքննություն են անցկացրել ինչպես մահացածի այսպես կոչված թողած երկտողի, այնպես էլ՝ վկաների տված ցուցմունքների հավաստիության:
Ըստ փորձագետների, Հայկազ Բարսեղյանը ինքնասպանության հակված չի եղել եւ նրա բաճկոնի գրպանում հայտնաբերված երկտողը («Ոչ մեկ մեղավոր չի, ուղղակի հոգնել եմ, քաշքշուկի համար կներեք») Հայկազ Բարսեղյանը չի գրել, իսկ վկաների տված ցուցմունքները արժանահավատ են: «Մարդուն, որը կանգնած է ինքնասպանության շեմին, կյանքն ընդհանրապես չի հետաքրքրում: Նա այնքան հուսահատված է լինում եւ այնպիսի հոգեվիճակ է ապրում, որ գերադասում է չապրել, մահանալ եւ ելքը գտնում է ինքնասպանության մեջ: Իսկ այստեղ պարզապես տրամադրության անկում է, որը յուրաքանչյուրի մոտ կարող է լինել», – ասաց Էլդա Գրինը: Իսկ Մարիամ Մեհրաբյանը հավելեց, որ այդ երկտողի մեջ մի բառ կա՝ «քաշքշուկ», որն ապագային միտված եւ բավականին բովանդակային երեւույթ է»:
Կարդացեք նաև
Ամբաստանյալների պաշտպանները բազմաթիվ հարցեր ուղղեցին փորձագետներին՝ պարզելու, թե որքանո՞վ են արժանահավատ կիրառված մեթոդները եւ արված եզրակացությունները:
Երբ հարցերն ավարտվեցին, ամբաստանյալների պաշտպանները դատարանին միջնորդություն արեցին՝ առաջարկելով հոգեբան փորձագետների ներկայացրած եզրակացությունները հիմք չհամարել, քանի որ նրանք գերազանցել են իրենց լիազորությունները, որը սահմանված է օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ