Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կոչումը ընդամենը մի քանի խմբերի կորպորատիվ շահերը սպասարկելու համար է». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Մարտ 17,2016 17:51

ԱԺ-ում այսօր քննարկվեց պետական պարգեւների եւ կոչումների շարքում Վաստակավոր շինարարի կոչում ավելացնելու մասին նախագիծը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց շինարարներին չխաբվել եւ չվիրավորվել, որ իրենք ընդդիմանում են դրան. «Մոլորության մեջ չընկնեք, այս նախագիծը որեւէ կապ չունի ձեր վաստակը գնահատելու հետ: Այս կոչումն ընդամենը մի քանի խմբերի կորպորատիվ շահերը սպասարկելու համար է՝ տենդերային բազարներում բոնուսային առավելություն ստանալու համար»:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց գնալ իրական արժեքների հետեւից. «Ես անհարմար եմ զգում նույնիսկ հնչեցնել էդ անունը, որ տրվեց վաստակավորի կոչում: Դերասան, երգիչ, ճարտարապետ, գրող, ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, պետք է վերականգնվի արժեքային համակարգը»:

Ըստ նրա, ինչ-որ մի «սխոդկա» հիշեցնող միություն կամ գրական հանձնաժողով չէ, որ պետք է որոշի, թե որ ստեղծագործությունը պետք է ներկայացվի մրցանակի. «Հրանտ Մաթեւոսյանին երբ հարցրեցին, վարպե՛տ, ինչու եք վերջին ժամանակներս սկսել քիչ գրել, նա պատասխանեց, որովհետեւ ես կորցրել եմ զբոսայգում նստած գիրք կարդացող իմ ընթերցողին: Այո, քանի որ մենք իրական արժեքները, իրական գրականությունը գնահատելուց շատ ենք հեռացել, այսօր սխոդկաներն են որոշում, թե որտեղ եւ ինչ մակարդակով պետք է տրվեն մրցանակները, ես կարծում եմ, մենք գլոբալ առումով պիտի վերանայենք այս խնդիրը»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դեռ չգիտի, թե ինչպես կքվեարկի ԲՀԿ-ն նախագծին, բայց ինքը դեմ է. «Մենք հոգեւոր ճգնաժամ ենք ապրում եւ պիտի կարողանանք այս ճգնաժամից ազատվել»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ասաց, որ վաստակ ունեցող մարդկանց պետք է գնահատել. «Գնահատելու ձեւերը տարբեր են՝ կոչումներ, պարգեւներ, մեդալներ, բայց էությունը նույնն է: Կոչում տալու մեջ որեւէ վատ բան չկա»: Ըստ տիկին Նաղդալյանի, ԵԽԽՎ-ն էլ ունի պատվավոր անդամի մրցանակ, այնպես որ, դա պատիվ է, աշխատանքի գնահատական: Ուսուցիչները, բժիշկները մեծ հպարտություն են զգում՝ կոչում ստանալիս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031