Այսօր կառավարության նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ուսումնասիրում է ընտրական նոր օրենսգրքում մարդու իրավունքների սահմանափակման դեպքերը:
Թաթոյանի խոսքերով՝ ՄԻՊ-ն արդեն ունի իր դիտարկումները. «Ես պատրաստվում եմ դրանք պաշտոնապես ներկայացնել՝ հիմնավորելով տարբեր միջազգային փորձի տեսանկյունից: Օրինակ՝ կարծում եմ՝ ողջամիտ է այն հարցը, որը վերաբերում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ դիտորդների ներկայությանը ընտրատեղամասում, նախատեսված է քանակ՝ կոնկրետ 8 հոգի: Թեեւ հիմնավորումներում նշվում է, որ դա արվել է նաեւ ընտրատեղամասի տարածքի հնարավորությամբ եւ այլն, բայց, օրինակ, ես կարծում եմ, որ կարելի է առաջարկել, քննարկել ցանկն ընդլայնելու հարցը: Բացի այդ, նաեւ հստակեցվի, որպեսզի դիտորդների քանակի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայության տեսանկյունից, պարզապես, որ խնդրահարույց իրավիճակներ չլինի»:
Քվեարկած անձանց ստորագրած ցուցակների հրապարակման մասին հարցին, որ կան կարծիքներ, որ մարդու իրավունքի խախտում է, արդյոք կա՞ նման բան, Թաթոյանն ասաց, որ այդ հարցն այնքան քաղաքականացված է, որ այս պահին չցանկացավ կոնկրետացված պատասխան տալ. «Բայց այստեղ կարեւոր է նկատի ունենալ այդ հարցը քննարկելիս Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի դիրքորոշումները, նշվում է նաեւ Սահմանադրական դատարանի դիրքորոշումները: Պարզապես այս պահին ձեռնպահ կմնամ սեփական դիտարկումներն անել»:
Թաթոյանը նաեւ ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի 2015 թվականի տարեկան զեկույցը 20 օրում կամփոփվի եւ կներկայացվի:
Կարդացեք նաև
Այս մասին մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ