Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է հնարքը, որի պատճառով ՄԻԵԴ-ում չէին քննվում Հայաստանից ուղարկված գործերը

Մարտ 17,2016 17:39

«Մեզ հաջողվեց ապացուցել, որ քննություն պետք է տարվի, եթե խոշտանգումների վերաբերյալ հաղորդումներ են լինում, քննությունը պետք է որոշակի պայմաններին բավարարի եւ որ չի կարելի առանց հիմքերի անձին անազատության մեջ պահել»,- անդրադառնալով այսօր ՄԻԵԴ-ի հրապարակած Մատաղիսի գործով որոշմանը՝ ասաց Շիրակի մարզի դատարանի կողմից արդարացված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Զալյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Խոսքը երեք նախկին զինծառայողների մասին է, որ բռնության են ենթարկվել զինծառայության ընթացքում, քանի որ կասկածվում էին երկու ծառայակիցներին սպանելու մեջ։

Hayk_AlumyanՓաստաբան Ալումյանը նկատեց, որ առաջիկայում ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի վճիռների տարափ է լինելու. «Ընդդեմ Հայաստանի գործերը չեն շատանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Պարզապես Հայաստանից գործերն ուղարկվում էին եւ որոշակի հնարքների արդյունքում այնպես էին կարողացել անել, որ մեր գործերն այնտեղ համարյա թե չէին քննվում: Երբ որ դրանց հնարքները բացահայտվեցին, պարզ է, որ այնտեղ ունեինք մեծ քանակությամբ կուտակված գործեր: Մատաղիսի գործը տասներկու տարի առաջ էր ներկայացվել ՄԻԵԴ, հիմա այն գործերը, որոնք կուտակվել էին ու Հայաստանի վերաբերյալ գրեթե երեք տարի ոչ մի գործ չէր քննվում, վճիռներ է, որ հրապարակվում են: Այդ հնարքների արդյունքում, հնարավորություն էր ստեղծվել, որ պաշտոնյաներն այստեղ ամպագորգոռ հայտարարություններ անեն՝ տեսեք, մեր դատարաններն ինչքան լավն են, որ մեր վերաբերյալ ՄԻԵԴ-ում վճիռներն այդքան քիչ են, շատ ավելի քիչ, քան Ադրբեջանի ու Վրաստանի դեմ, բայց իրականում դա մի հատ հնարքի հետեւանք էր: Բայց վստահեցնում եմ՝ ուղղակի վճիռների տարափ է լինելու»:

Մեր հարցին՝ ինչ հնարք էր, փաստաբանն ասաց. «Հնարք էր, որ կարողացել էին այնպես անել, որ մեր գործերն այնտեղ չէին քննվում»:

Արդյոք ՄԻԵԴ-ի որոշումը կարող է նպաստել գործի վերաբացմանն ու իրական մեղավորներին գտնելու գործողություններին, փաստաբանն ասաց. «Մեղավորներին պետք է գտնել անկախ ՄԻԵԴ-ի որոշումից, պետք է փնտրեն ու գտնեն, եւ ՄԻԵԴ-ի վճիռը դրա հետ ընդհանրապես կապ չունի»:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ ներկայացված հայցով պետք է պարզվեր՝ արդյոք եղե՞լ են խոշտանգումներ, թե՞ ոչ, արդյոք Հայաստանում պատշաճ ձևով քննվե՞լ է խոշտանգումների հարցը, թե՞ ոչ: Արծարծվել էր նաեւ նշված նախկին երեք զինծառայողներին չորս օր ապօրինի անազատության մեջ պահելու հարցը: Հենց այդ ընթացքում էլ նրանց նկատմամբ խոշտանգումներ են տեղի ունեցել ու խոշտանգումների ժամանակ փորձել են խոստովանական ցուցմունքներ կորզել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031