ԱԺ-ում քննարկվում է ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ-ում սահմանել վաստակավոր շինարարի պատվավոր կոչում: Ալեքսանդր Արզումանյանը, Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Թեւան Պողոսյանն ընդդիմացան՝ կոչումներից նավթալինի հոտ է գալիս, սովետիզմ է:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ընդհակառակը, գտնում է, որ շինարարները պետք է կոչումով գնահատվեն. «Մեր ծնողները մեզ միշտ ասել են երեք կարեւորագույն պայման, որ ծառ տնկենք, ընտանիք կազմենք եւ տուն կառուցենք: Շինարարին պետք է գնահատել»:
Պարոն Մարգարյանի հիմնավորմամբ՝ «Դեռ խորհրդային տարիներին մի պաշտոնյա կենտկոմից երբ տեղափոխվում էր Քաղշին նախարար, ասել է՝ երբ ես Կենտկոմում էի աշխատում, ինձ թվում էր, որ շինարար բառը դա շինել բառից է, իսկ երբ եկա շինարարության ոլորտ, հասկացա, որ շինարար բառը շինվել բառից է: Շինարարը շինում է, հո չի քանդում, պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տանք: Հարց է առաջանում՝ բա ո՞ւմ տանք վաստակավորի կոչում, տանք քաղաքակա՞ն շինարարներին, ովքեր էս խեղճուկրակ ժողովրդի գլխին ինչ ասես չեն շինում: Թե՞ տանք էն շինարարներին, որ արդյունքներն են ամփոփում, ինչ թիվ ասես՝ գրում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ