Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյուղերում աշխատուժ չի մնացել, որ այգիները ծխահարի ու առատ ջրի

Մարտ 17,2016 16:47

«Առավոտյան եղել ենք ծիրանի այգիներում, հատվածներ կան, որ արդեն երեւում է, որ ցուրտը խփել ա, տեղեր կա, որ եղանակը կայունանալուց հետո կերեւա` ցրտահարվել է, թե ոչ: Այս պահին գնահատական չենք կարող տալ, մի քանի օրից կհաշվենք վնասները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը, որից հետաքրքրվեցինք, թե այս գիշերվա ցրտահարության հետեւանքով գյուղի այգիներն ինչպիսի վնասներ են կրել:

Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հայտնել էր, որ Արմավիրի, Արարատի մարզերի որոշ բնակավայրերում` Փարաքարում, Զվարթնոցում եւ հարակից գյուղերում նախորդ գիշեր ամենացուրտ` -5-6 ջերմաստիճանն է արձանագրվել:

Նախարարը նաեւ ասել էր, որ որոշակի վայրերում մասնակի ցրտահարություններ եղել են, բայց կորուստների մասին հստակ տեղեկություն դեռ չունեն:

Մեր այն դիտարկմանը, թե գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին հորդորել էր այգիները ծխահարել, առատ ոռոգել, որպեսզի վնասները հնարավորինս քիչ լինեն, արդյոք գյուղացիները հետեւե՞լ են նախարարության մասնագետների ցուցումներին, Սամվել Վարդանյանն ասաց` «Գյուղում այն աշխատուժը չկա, հեկտարի վրա մեկ-երկու հոգի է, երիտասարդները չեն սիրում աշխատել կամ հեշտ աշխատանք են նախընտրում, տարեցներն էլ կամաց-կամաց հեռանում են այս աշխարհից»:

Գյուղապետի խոսքերով, ծխահարությունն ինչ-որ չափով օգնում է, եթե քամի չի լինում. «Նայած թե քամին որ կողմից կխփի: Օրինակ` գյուղապետարանի կողքը ծիրանի ծառերի մի հատվածը երեւում է, որ ցուրտը խփել ա, մյուս հատվածը չի խփել»:
Երկու տարի առաջ էլ, ինչպես ասաց գյուղապետը, Փարաքարը տուժել էր ցրտահարությունից, ինչի հետեւանքով գյուղի բերքի 90 տոկոսը ոչնչացել էր:

Մեր այն հարցին, թե փոխհատուցումներ եղա՞ն տուժած գյուղացիներին, պարոն

Վարդանյանն ասաց, որ կառավարությունը, որպես օգնություն, փոխհատուցեց նրանց հողի եւ ջրի վարձերը: Գյուղապետը նաեւ ասաց, որ ինքը նախազգուշացրել է մասնավորապես գյուղի ջերմոցատերերին, քանի որ նրանք շատ ավելի վատ վիճակում կհայտնվեն, եթե ջերմոցները տուժեն:

Այսօր առավոտյան գյուղի այգիներ է շտապել նաեւ Արմավիրի մարզի Ակնալիճի գյուղապետ Գեւորգ Միսակյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ որոշ վայրերում «ծիրանենիներին ցուրտը խփել է», բայց այս գյուղում էլ վնասների չափը պարզ կլինի մի քանի օրից. «Ծիրանի դաշտերն է ցրտահարված, սակայն տոկոսային պահով դեռ չենք կարող ասել: Տեղ կա՝ մոտ 40 տոկոս է վնասվել, բարձր տարածքներում ավելի քիչ, իսկ փոս տարածքներում ցուրտն ավելի շատ է խփել»:

Այս գյուղն ունի 650 տնային տնտեսություն: Երկու գյուղն անընդմեջ տուժել է կարկուտի հետեւանքներից, արդեն 3-րդ տարին է, ինչպես ասաց Գեւորգ Միսակյանը, կարկուտը գյուղին վնաս չի պատճառում, քանի որ Ակնալիճում հակակարկտային կայան է տեղադրվել: Այս գյուղապետն էլ վստահեցրեց, որ ծխահարությունը փրկության միջոց չէ եւ եթե քամի է լինում, այն գրեթե չի օգնում:

Արմավիրի մարզի Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց մոտ ծառերը դեռ չէին ծաղկել, հետեւաբար գյուղը ցրտից չի տուժել. «Մեղք է էս ժողովուրդը, լավ է այս անգամ մեր գյուղը չտուժեց, խաղողի այգիներ, ծիրանենիներ ունենք, բայց դեռ չէր ծաղկել»:

Մեր այն հարցին, թե Բաղրամյանում է՞լ երիտասարդություն չի մնացել, որպեսզի այգիները ծխահարի, առատ ոռոգի` ցրտահարությանը դիմակայելու համար, գյուղապետ Կայծակ Մկրտչյանն ասաց. «Ջահելները չեն անի` ծերերը կանեն: Ամեն մեկը ձեռք է գցում մի երկու կոպեկ աշխատելու համար, մեղադրելու չէ»:

Գյուղապետ Մկրտչյանն ասաց, որ Ռուսաստանում ստեղծված վատ վիճակով պայմանավորված, իրենց գյուղի «խոպանչիները» մնացել են գյուղում. «Նոր տարուց առաջ, մեր խոպանչիները ոնց որ եկել են, էլ չեն գնացել, տեղում են»:

Կայծակ Մկրտչյանի խոսքերով, վարչապետը հրահանգել է «կանալի ջուրը բաց թողնել», որպեսզի գյուղացիները կարողանան այգիները ոռոգեն. «Ամսի 18-19 գիշերվա ցրտահարությունը դեռ կա, տեսնենք ինչ վնասներ կպատճառի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031