ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախկին ուսանող Հովհաննես Եսայանին ԲՈՒՀ-ից քաղաքական հայացքների պատճառով հեռացնելու համար պետք է լինեն որոշակի ապացույցներ: Այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրա ներկայացմամբ՝ ԵՊՀ ռեկտորն իրեն ասել է, որ միայն Եսայանը չէ հեռացվել, եթե միայն նա հետապնդված լիներ, թերեւս կարող էին մտածել, որ քաղաքական հայացքների համար է . «Բայց եւս 3 հոգի էլ հեռացվել են ֆիզկուլտուրայի դասերին 2 տարի չմասնակցելու համար: Նրանց ժամանակ են տվել վերականգնելու, չեն վերականգնել ու 4 հոգու հեռացրել են: Կփորձեմ ԵՊՀ ռեկտորի հետ մեկ անգամ եւս խոսել»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Եսայանն ու նրա բանասեր ընկերներն, ինչպես «Ազատությանը» պատմել է երիտասարդը, անցած աշնանը երիտասարդական կայքէջ են բացել, հոդվածներ են հրապարակում համալսարանական կյանքի, թերությունների մասին, քննադատում դասախոսներին, ընդգծում, որ բուհում սերնդափոխության անհրաժեշտություն կա, ու որ ուսանողական խորհուրդները խիստ հանրապետականացված են. «Հոդվածներ ունենք վերնագրված՝ «Դասախոսնե՞ր են, թե՞ դասախոզեր», «Մեզ կրթո՞ւմ են, թե՞ կթում են»։ Դասախոսներ ունենք, ովքեր 80 տարեկան են, ովքեր շատ շուտվանից կորցրել են ժամանակի զգացողությունը, չգիտեն, որ 2016 թվականն է, հարցերը չեն լսում, դեռ չեմ խոսում համակարգչից օգտվելու մասին»: Եվ ԲՈԻՀ-ի նմանատիպ խնդիրների մասին բարձրաձայնելու համար էլ, ըստ Հովհաննեսի, նրան հեռացրել են համալսարանից:
Լրագրողները Լեւոն Մկրտչյանից նաեւ հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: Նախարարն ասաց, որ ինքը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ չէ, իսկ քաղաքական դաշտի համար պատասխանատուն ԳՄ-ն է:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ