Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. ՀՀ-ում աղքատության ընդհանուր ցուցանիշը, ըստ վերջին տվյալների, շուրջ 32 տոկոս է (Տեսանյութ)

Մարտ 17,2016 16:24

Ազգային Ժողովում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ելույթը

Պետք է խոսել փաստերով, թվերով և խորհրդարանական ամբիոնից հաճախ է այդպես արվում, սակայն ոչ միշտ են ճիշտ ուղղություններ տրվում, թե ինչպես կարելի է խնդիրներին լուծումներ տալ:

Ունենք հետևյալ պատկերը՝ Հայաստանի տնտեսությունը չունի բավականաչափ գրավչություն: Հասկանում ենք, որ չունենալով ելք դեպի ծով, լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում մեր տնտեսությունը զարգացնելիս: Չունենք էներգակիրներ, ինչպես նաև տարածաշրջանային ներկայիս վիճակը դրական չի ազդում տնտեսության վրա:

Սակայն, մենք ունենք բավականաչափ ռեսուրսներ և ապրանքաշրջանառություն, որը, մեղմ ասած, գտնվում է ստվերում, և այստեղ կոնկրետ քայլեր անելով հնարավոր է արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրեր իրականացնել, որը գտնվում է ՏՄՊՊՀ-ի լիազորությունների ներքո:

Մենք՝ որպես խորհրդարանականներ, պատրաստ ենք նաև մեր լիազորությունների սահմաններում անել ամենը, որպեսզի ցանկալի արդյունքին հասնենք:

Հրապարակեմ որոշ թվեր. ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների` 2016թ.-ին Հայաստանում սպասվում է միջինացված 18.1 տոկոս գործազրկության ցուցանիշ՝ նախորդ 18.0-ի փոխարեն :

ՀՀ-ում աղքատության ընդհանուր ցուցանիշը, ըստ վերջին տվյալների, շուրջ 32 տոկոս է, Հայաստանում կա 77.5 հզ. գործազուրկ քաղաքացի, որոնցից 25 տոկոսը՝ երիտասարդներ, իսկ շուրջ 70 տոկոսը` կանայք:

Առկա են մի շարք ոլորտներ, որոնք կարելի է մենաշնորհային համարել, սակայն, եթե դա այդպես չէ, ապա կոչ եմ անում ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը տա համապատասխան պարզաբանումներ:

Այսպիսով, մի շարք ոլորտներում, համապատասխան մամուլում առկա հրապարակումների, առկա է մենաշնորհային իրավիճակ, ավելի կոնկրետ` վառելիքի, դեղորայքի, շաքարավազի, բանջարեղենի, մրգերի, վերջինիս դեպքում կոնկրետ բանանի, որն ի դեպ ՌԴ-ում վաճառվում է 45-50 ռուբլիով՝ մոտ 300 ՀՀ դրամ, սակայն ՀՀ-ում բանանը վաճառվում է մոտ 900 ՀՀ դրամով:

ՌԴ մաքսային ծառայության տվյալների շտեմարանում արձանագրված է, որ 2014 թ-ին ՌԴ-ից Հայաստան արտահանվել է 100.000 տոննա բենզին, որի մաքսային արժեքը կազմել է 72 մլն դոլար, այսինքն` 1 լիտր բենզինը ՌԴ-ում ձեռք է բերվել 72 ցենտով, այդ նույն ժամանակահատվածում մեր երկրում 1.14 դոլար էր՝ շուրջ 470 ՀՀ դրամ:

Այլ կերպ ասած` ձեռքբերման և իրացման գների տարբերությունը յուրաքանչյուր լիտրի համար 44 ցենտ է:

Ըստ նույն աղբյուրի` 2015 թվականին ՌԴ-ից Հայաստան է արտահանվել 122 հազար տոննա՝ 55 մլ դոլար մաքսային արժեքով, այսինքն՝ 1 լիտրը 44 ցենտ, մինչդեռ, Հայաստանում այն վաճառվում էր 430 դրամով կամ 90 ցենտով:

Այս հրապարակումները մտահոգվելու առիթ են տալիս:

Այս համատեքստում ՏՄՊՊՀ տարեկան հաշվետվություն է ներկայացրել, որտեղ պետք է արծարծվեին` արդյոք բարձրացված խնդիրներն իրոք առկա են Հայաստանի Հանրապետությունում և ի ՞ նչ քայլեր է ձեռնարկելու ոլորտի պատասխանատու մարմինը:

 

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան

Խմբակցության քարտուղար

Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031