Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբեռլեյը և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Բրիֆինգը վարեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ով մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց բրիֆինգի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք: Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ:
Արձանագրվեցին նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և խաղաղ բնակչության ու բնակավայրերի վրա դրանց թողած հետևանքները: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը՝ ելնելով նախորդ տարիների փորձից, մտահոգություն հայտնեց և առաջարկեց համատեղ քայլեր ձեռնարկել, որպեսզի սահմանամերձ համայնքներում գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը չխաթարվի հրաձգության պատճառով:
Տավուշի մարզպետարան