Հայաստանի եւ Արցախի 1000-ից ավելի դպրոցներում այսօր մեկնարկել է ամենահայտնի միջազգային մաթեմատիկական մրցույթը` «Կենգուրու»-ն, որը մեր երկրում «Այբ» հիմնադրամի ջանքերով կազմակերպվում է 8-րդ անգամ:
«Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանն Aravot.am-ին հայտնեց, որ այս անգամ «Կենգուրու»-ին մասնակցում է ավելի քան 41.200 աշակերտ. «Մրցույթի նպատակն է` հետաքրքիր եւ տրամաբանական խնդիրների միջոցով մաթեմատիկան նորովի ներկայացնել երեխաներին, խթանել նրանց հետաքրքրվածությունն այդ առարկայի հանդեպ: Ամեն տարի 3-12-րդ դասարանների 40-45.000 աշակերտ է մասնակցում «Կենգուրու»-ին. նման զանգվածային այլ մրցույթ Հայաստանում եւ աշխարհում չկա»:
Շուշան Կարապետյանը տեղեկացրեց, որ հաղթողները կստանան արժեքավոր նվերներ, կամ «Կենգուրու» միջազգային ճամբարին մասնակցելու հնարավորություն. «Հայաստանն ամեն տարի դիմում է ճամբարի մասնակցության համար, որպեսզի պարզ լինի` որ երկիրը եւ քանի տեղ կարող է հատկացնել հայաստանյան հաղթողների համար: Բացի այդ, «Կենգուրու»-ի բոլոր մասնակից-աշակերտները կստանան համապատասխան հավաստագրեր»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ ապրիլի 18-ին «Կենգուրու»-ի կայքում կհրապարակվեն խնդիրների ճիշտ պատասխանները, իսկ հաղթողների անունները պարզ կլինեն մայիսին: Ամսվա երկրորդ կեսին էլ տեղի կունենան մրցանակաբաշխությունները` Հայաստանի բոլոր մարզերում և Ստեփանակերտում:
Կարդացեք նաև
Հավելենք, որ նախորդ տարի «Կենգուրու»-ին մասնակցել է 1068 դպրոցի 44.891 աշակերտ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը` «Այբ»-ի