«Ներքաղաքական զարգացումների մասին շատ գնահատականներ են հնչում, շատ խոսակցություններ կան, բայց հիմնականում հասկանալի է, որ սա նախընտրական տարի է լինելու, լի տարատեսակ շոուներով եւ միջոցառումներով: Սա կարող է հետաքրքրություն առաջացնել այն շերտի մոտ, որը ցանկանում է այդ շոուները տեսնել»,- «Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
Ըստ նրա՝ շոուներից բացի, կա նաեւ քաղաքական սերիալ կազմակերպելու ինչ-որ մոլուցք, «որպեսզի շատերին հետաքրքրի, թե այս կամ այն քաղաքական ուժում կամ գործունեության այս կամ այն ուղղությունում ինչպիսի իրադարձություններ են զարգանալու: Կարծում եմ՝ այդ սերիալային մոտեցումը կրկին գործում է դաշտում»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Վահան Բաբայանը վերաբերվում իր նախկին կուսակից Վարդան Օսկանյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը. «Ես կարծում եմ, որ քաղաքական սերիալն ավելի մոտ կլինի այդ ամենին, որովհետեւ ինչ-որ իրադարձություններ կետ առ կետ ընթանալու են եւ հետաքրքրություններ են առաջացնելու: Վարդան Օսկանյանի իրավունքն է կուսակցություն ստեղծել կամ չստեղծելը: Համենայնդեպս, ես կարծում եմ, որ Հայաստանում այսօր նոր քաղաքական գործիչների կարիքն ավելի շատ կա»,- պատասխանեց ԱԺ պատգամավորը:
Մյուս հարցին, թե ինքը ապագայում հնարավո՞ր է ինչ-որ քաղաքական սերիալում էպիզոդիկ դեր տանի, Բաբայանը պատասխանեց. «Վստահ եղեք, որ ես ոչ շոուներին, ոչ էլ սերիալներին մասնակցելու ցանկություն չունեմ: Դրա համար էլ ես այսօր անկուսակցական եմ: Այսօր առաջիկա քայլերիս մասին կխուսափեմ գնահատականներ տալուց, քանի որ դեռ հստակ որոշում չունեմ»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ