Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթիի բնակիչ նախկին ոստիկանապետի վերաքննիչ բողոքի քննությունը շուրջ կես տարի ձգձգվում է

Մարտ 17,2016 14:36

2015 թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման: Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին եւ նրան դատապարտել 6 տարի, 6 ամիս ազատազրկման: Նույն օրը Բաղանիս գյուղում Կոթիի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ սահմանամերձ Կոթիի բնակիչ Անդրանիկ Ազիբեկյանի դատավճռի դեմ բողոքելով՝ մի քանի ժամով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Ա. Խոջումյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, Ա. Ավետիսյանի պաշտպան Արմեն Ադամյանը եւ Ա. Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առանձին-առանձին դիմել են վերաքննիչ դատարան: Ա. Խոջումյանի պաշտպանը վերաքննիչ բողոքով խնդրել է նրա դատավճիռը բեկանել, նրան ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասով ճանաչել անմեղ եւ արդարացնել: Ա. Ավետիսյանի պաշտպանը խնդրել է բեկանել նրա դատավճիռը, նրան ճանաչել անպարտ եւ արդարացնել կամ Ա. Ավետիսյանին ազատազրկման ձեւով նշանակված պատիժը ՀՀ քր. օր.-ի 64 հոդվածի կարգով մեղմացնել, պատիժ նշանակելու դեպքում, օրենքով սահմանված դեպքում ավելի մեղմ պատիժ նշանակել կամ՝ հոդվածի սանկցիայով նախատեսվածի նվազագույնը, միաժամանակ ՀՀ քր. օր.-ի 70 հոդվածի կիրառմամբ նշանակելիք պատիժը պայմանականորեն չկիրառել: Ա. Ազիբեկյանի պաշտպանը խնդրել է բեկանել դատավճիռը, նրան հռչակել անպարտ եւ արդարացված կամ Ա. Ազիբեկյանի արարքին տալ քրեաիրավական ճիշտ գնահատական եւ նրա նկատմամբ նշանակել ՀՀ քր. օր.-ի համապատասխան հոդվածով նախատեսված նվազագույն պատժաչափը, իսկ եթե այդ պատժաչափը լինի ազատազրկման ձեւով պատիժը, ապա նշանակված պատիժը ՀՀ քր. օր.-ի 70 հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել, վերը նշված խնդրանքները բավարարելն անհնարին լինելու դեպքում բեկանել դատավճիռը եւ այն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Այդ բողոքները ՀՀ վերաքննիչ դատարանում լսվում են 2015թ. հոկտեմբերի 5-ից եւ գրեթե կես տարի շարունակվում են: Նիստերը տարբեր պատճառաբանություններով՝ դատարանի կազմի չհամալրվելու, դատավորների վերապատրաստման մեկնելու եւ այլն, հետաձգվում են, հերթական նիստը նշանակված է մարտի 24-ին:

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստ են ազատ արձակել Անդրանիկ Ազիբեկյանին, պայմանով , որպեսզի վերջինս ներման խնդրագիր գրի Սերժ Սարգսյանին: Սակայն Ազիբեկյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում: Սահմանամերձ Կոթիի բնակիչ Անդրանիկ Ազիբեկյանի եղբայրը՝ Նոյեմբերյանի ՆԳ բաժնի աշխատակից Արմեն Ազիբեկյանը 1991թ. մայիսի 6-ին խորհրդային զինուժի հարձակումից Ոսկեպարի անտառում զոհվել է: Նա իր ծառայակից ընկերների հետ գնում էր սահմանը պաշտպանելու: Անդրանիկ Ազիբեկյանի ընտանիքը սոցիալապես բարվոք վիճակում չէ: 43-ամյա Անդրանիկ Ազիբեկյանը 3 տղա ունի, որից ավագն այժմ ժամկետային զինծառայության մեջ է, կրտսերը՝ 2 տարեկան :

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031