Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանի սիրելի հայկական ուտեստը թանապուրն է (Ֆոտոշարք)

Մարտ 17,2016 14:15

Հայաստանը մարտի 21-ին երկրորդ անգամ կմիանա Goût de France` «Ֆրանսիայի համը» միջոցառմանը, որի ընթացքում կներկայացվեն ֆրանսիական խոհանոցի կերակրատեսակները: Միջոցառմանն այս տարի կմասնակցեն 5 մայրցամաքների 1000 ավագ խոհարարներ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այդ օրը կկազմակերպվի ընթրիք: Միջոցառմանը կմիանան հայաստանյան 7 ռեստորաններ` ֆրանսիական ճաշացանկով: «Աշխարհի այլ երկրներում գրեթե նույն ժամին մեր դեսպանատները եւ հյուպատոսությունների ներկայացուցիչները հավաքվում են ավանդական ընթրիքի շուրջ: Հայաստանյան ընթրիքին կմասնակցեն պաշտոնատար անձինք, իսկ հաջորդ օրերի ընթացքում ռեստորաններն իրենց հաճախորդներին կառաջարկեն ֆրանսիական խոհանոցի ուտեստներ»,-այսօր Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Ֆրանսիայի դեսպանության խոհարար Նիկոլա Նատալինին տեղեկացրեց, որ միջոցառումն իրականում 100-ամյա պատմություն ունի. միայն 1912-1914թթ. դրան մասնակցել են 147 երկրներ` ընդունելով ավելի քան 10.000 հյուրերի: The Club ռեստորանի ավագ խոհարար Անահիտ Սարգսյանը նշեց, որ «Ֆրանսիայի համի» շրջանակում մատուցելու են մակարոն` վանիլային պաղպաղակով եւ տավարով «Հարիսա», որը, խոհարարի բնորոշմամբ, արտակարգ համ ունի:

FILE8018 FILE8017 FILE8016

Charles ռեստորանի ավագ խոհարար Էդգար Եգանյանն էլ տեղեկացրեց, որ տեւական ժամանակ է` համադրում են ֆրանսիական եւ հայկական ուտեստները. «Կպատրաստենք գառի փափկամսից եւ բանջարեղենից ուտեստ` համեմված կանաչեղենով, նաեւ հայկական փախլավա»:

Artbridge ռեստորանի ավագ խոհարար Մարգարիտ Պետրոսյանն էլ պատրաստելու է «Սոխով տոլմա» եւ մանդարինի թխվածք:

«Մարիոթ» հյուրանոցի ավագ խոհարար Ռոլֆ Գրաբերը նկատեց, որ աշխարհի ամենաճանաչված խոհարարները ֆրանսիացիներ են. «Պատրաստման ընթացքում եփելու տարբեր մոտեցումներ կան, որոնցով էլ պայմանավորված է ֆրանսիական խոհանոցի համբավը: Միջոցառման հիմնական ուտեստը կլինեն «Սիգ» ձուկը, կավե ամանով մատուցվող ճագարի միսը, խնձորի սառնանուշը` խնձորից եւ կարմիր ճակնդեղից: Կներկայացնենք նաեւ ֆրանսիական պանիրների տեսականի»:

Լրագրողները դեսպան Շարպանտիեից հետաքրքրվեցին, թե հայկական խոհանոցից ո՞րն է նրա սիրելի ուտեստը. «Մի քանի կերակրատեսակներ կան, որ շատ եմ սիրում, բայց ավելի շատ` «սպաս»` թանապուր: Շատ եմ սիրում նաեւ միսը մանղալի վրա խորովելու տեխնիկան»: Ակնարկին, թե «քաշած» օղի չէ՞ք փորձել, դեսպանը ժպտալով ասաց, որ նման բան իրեն երբեւէ չեն առաջարկել. «Գինիներ համտեսում եմ, բայց թունդ ալկոհոլային խմիչքների սիրահար չեմ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031