«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է կապել Սիրիայից զորքերի դուրսբերման հետ: Համենայն դեպս եւ Սերժ Սարգսյանը, եւ մեր արտաքին գործերի նախարարը բազմիցս իրենց հրապարակային ելույթներում ողջունել են ՌԴ-ի քայլերը Սիրիայի հարցում»,- «Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Ըստ նրա՝ զորքերի դուրսբերումը հենց Ռուսաստանի որոշումն էր, որը աշխարհի շատ երկրներին ու կառույցներին զարմացրեց. «Նրանք բնական է, որ այդ քայլը բացատրում են նրանով, որ ուզում են հնարավորություն տան Սիրիայում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսությունը կայանա»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի մոսկովյան վերջին հանդիպումներին՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ դրանք ընդհանուր բնույթ էին կրում. «Ռուսաստանի հետ եւ ԵԱՏՄ շրջանակներում մեր խնդիրներն ու մոտեցումները կրկին հստակեցվել են: Ապագային միտված մեր բոլոր պատկերացումները մեկ անգամ եւս փոխհամաձայնեցվել են»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ