Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Մի՞թե Դուք պատկերացնում եք ինձ կամ եղբորս Ձեր նշած անգլիական թագուհու կարգավիճակում». «Չորրորդ իշխանություն»

Մարտ 17,2016 12:48

«ՉԻ» զրուցակիցն է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը:

– Հաջորդ խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք։ Ռեյտինգային քվեարկության շեմը կհաղթահարե՞ք, թե ցուցակով կապահովեք Ձեր մանդատը։

– Ես չէ, որ պետք է որոշեմ՝ կհաղթահարեմ, թե ոչ։ Դա հանրության որոշելիքն է։ Կարծում եմ՝ ինչ-որ համեստ հնարավորություններ ունեմ։ Իսկ կառաջադրվեմ, թե ոչ՝ դեռեւս չեմ որոշել։

– Ապագա նախագահացուների ցանկում տրվում են նաեւ Կարապետյան եղբայրների անունները։ Սահմանադրությամբ նախագահին այլեւս վերապահված չէ ունենալ գործընթացների վրա ազդող լիազորություններ։ Ասում են՝ նա լինելու է անգլիական թագուհի։ Ձեզ կամ Ձեր եղբորը տեսնո՞ւմ եք այդ կարգավիճակում։

– Դուք արդեն Ձեր իսկ հարցին պատասխանեցիք։ Թեպետ առանձնապես համաձայն չեմ նոր Սահմանադրությամբ նախագահի կարգավիճակի Ձեր գնահատականին, այդուամենայնիվ, ցանկացած հարց անպատասխան չպետք է մնա։ Իսկ մի՞թե Դուք պատկերացնում եք ինձ կամ եղբորս Ձեր նշած անգլիական թագուհու կարգավիճակում… Իսկ ընդհանրապես, եղբայրս մեկ անգամ չէ, որ շեշտել է, որ ինքը քաղաքականություն մտնելու որեւէ ցանկություն չունի։ Սամվել Կարապետյանն այսօր շատ ավելի աշխատակիցներ ունի, քան Հայաստանի ողջ պետական ապարատն է, գործարար է, ով սիրում է իր գործը, ով իր հնարավորությունների սահմաններում աջակցում է մեր երկրին ու ժողովրդին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ հետագա քայլերի առումով դեռեւս որեւէ որոշում չունեմ։

– Պարոն Կարապետյան, Ձեր եղբայրը տնօրինում է ՀԷՑ-ը։ ՀՀ շարքային քաղաքացին այս ընթացքում համոզվեց, որ կրկին թանկ է վճարելու, մինչդեռ խոստումներ կային, որ ամեն ինչ լավ է լինելու։

– Ես ՀԷՑ-ի մամլո խոսնակը չեմ։ Այդ հարցերով դիմեք նրան։ Ի դեպ, վերջերս ՀԷՑ գլխավոր տնօրենը բավական սպառիչ տվել է այդ բոլոր հարցերի պատասխանները։ Ավելին, նշել է, որ ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել իրենց, եւ իրենք պատրաստ են լիարժեքորեն պատասխանել։ Խոսքը թե լրագրողների եւ թե մեր բոլոր քաղաքացիների մասին է, որոնց համար կան ընդունելության օրեր, նշված են համապատասխան հեռախոսահամարները։ Այնպես որ, չեմ կարծում, թե որեւէ հարց անպատասխան կմնա։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031