«Աղջիկ սկաուտների և գայդերի ազգային միավորում»-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի տարբեր մարզերում և ունի ավելի քան 1000 անդամ: Միավորումը ոչ-ֆորմալ կրթական ծրագրերով աշխատող հասարակական կազմակերպություն է, որը իր գործունեությունը իրականացնում է սկաուտական խմբերում շաբաթական պարապմունքների միջոցով, ինչպես նաև կազմակերպում է ճամբարներ, արշավներ, սեմինարներ, թրեյնինգներ, մշակութային միջոցառումներ, բարեգործական ծրագրեր և մատուցում է ծառայություններ հասարակությանը: Միավորումն իր անդամներին առաջարկում է ուսուցում գործողության միջոցով, ինքնազարգացում, մասնակցություն փորձությունների, ակտիվ, հետաքրքիր և ուրախ առօրյա:
ԱՍԳԱՄ-ին հաջողվել է սկաուտական պատմության մեջ առաջին անգամ կազմակերպել թրեյնինգ միայն ԱՊՀ երկրների աղջիկ սկաուտների և գայդերի ներկայացուցիչների համար: Թրեյնինգին մասնակցում են ԱՊՀ հինգ երկիր՝ Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Բելառուս: «Այսօրվա մոտիվացված առաջնորդները ապագայի գրավականն են» խորագրով թրեյնինգի նպատակն է մասնակիցներին փոխանցել գիտելիքներ և զարգացնել անհրաժեշտ հմտություններ գործնական և ինտերակտիվ մեթոդներով: Հետագայում ձեռք բերված գիտելիքները մասնակիցները կօգտագործեն աշխատանքային խմբերում ներգրավվելու և իրենց ազգային կազմակերպությունների զարգացումն ապահովելու համար: Թրեյնինգում ներկայացվող թեմաներից են՝ սկաուտության ընձեռած հնարավորությունները, համագործակցության զարգացման ճիշտ ուղիները, ռազմավարական ծրագրի կազմումը և վերլուծումը, հասարակության հետ կապերը, սոցիալական ցանցերի գրագետ օգտագործումը, բարեփոխումների իրականացումը: Կրթական ծրագրերին ակտիվ մասնակցությունից բացի, մասնակիցները հասցրել են ներկայացնել իրենց երկրների մշակույթը, ծանոթանալ քաղաքի տեսարժան վայրերին, վայելել հայկական ազգային երգն ու պարը:
«Աղջիկ սկաուտների և գայդերի ազգային միավորման» մամուլի հաղորդագրություն