ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ որպես բանկի աշխատակից ներկայացած անձի կողմից գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ռ.Գալստյանը, տեղեկանալով քաղաքացու՝ բնակարան գնելու մտադրության մասին, ներկայացել է որպես բանկի աշխատակից և քաղաքացու՝ բանկում գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով` 2015 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում վերջինից ստացել և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 30.700 ԱՄՆ դոլար գումար:
Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը փետրվարի 19-ին որոշում է կայացրել՝ Ռ.Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Եթե կան անձինք, ովքեր տուժել են Ռ.Գալստյանի գործողություններից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն (հասցե՝ Պարույր Սևակ 4, հեռ.՝ 010 23-03-01)։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե