2016թ. մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» կազմավորումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպության կայքում հայտարարություն է տարածվել, որտեղ նշվում է, որ կազմակերպությունը ստանձնում է Անկարայում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ու հայտնում նաև, որ գործողությունն իրականացրել է Սեհեր Չաղլա Դեմիրը։
Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվեց 35, վիրավորվեց շուրջ 120 մարդ։
Տեղեկացնենք, որ «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը համարվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության շառավիղներից մեկը։ Այս կազմակերպությունը ստանձնել էր նաև 2016թ. փետրվարի 28-ին Անկարայում տեղի ունեցած մեկ այլ գործողության պատասխանատվությունը, որին զոհ գնաց 29 և վիրավորվեց 61 մարդ։
Կարդացեք նաև
Նշվում է նաև, որ 2016թ. մարտի 13-ին Անկարայի պայթյունը իրագործած կին մահապարտ Դեմիրը 2003թ. ի վեր Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ էր։