Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեռաք ուտելով պետական բյուջեն, ի՞նչ կլինի, որ ինձ հասցված բարոյական վնաս էլ պետբյուջեից հատուցեք». Լեւոն Բարսեղյանը՝ ոստիկանությանը (Տեսանյութ)

Մարտ 17,2016 12:18

Օրերս դատարանը «Լեւոն Բարսեղյանն ընդդեմ ոստիկանության» գործով կայացրել էր Հայաստանի իրավական պրակտիկայում աննախադեպ վճիռ՝ պարտավորեցնելով ոստիկանությանը կես միլիոն դրամ վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում ակտիվիստի ազատությունից ապօրինի զրկելու համար:

Լեւոն Բարսեղյանի իրավունքը խախտել էին 5 տարի առաջ, երբ նա բողոքի էր դուրս եկել ՀՀ անկախության տոնին նվիրված զորահանդեսին ռուսական դրոշների հայտնվելու դեմ:

Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Բարսեղյանն ասաց. «Երկու տարբեր գումարների մասին էր խոսքը. մեկը՝ դատական, նյութական ծախսերի մասին էր. տարի ու կես գնալ Երեւան, վերադառնալ, բենզին, տրանսպորտ, տրանսպորտի ծախսը չենք հաշվում, միայն բենզինն ենք հաշվում, որովհետեւ ես եմ արել վարորդի գործը, եւ, իհարկե, ներկայացուցչի՝ իրավաբանի դրամական փոխհատուցման մասին է խոսքը. Արտակ Զեյնալյանի չարչարանքը հսկայական է այս գործի մեջ եւ իր համառության ու հետեւողականության շնորհիվ մենք այս գործը շահել ենք:

Ես հիշեցնեմ, որ մինչ այդ մենք շահել ենք բուն դատական գործը վարչական դատարանում, որով վարչական դատարանը ճանաչվել է իմ՝ սահմանադրական երեք հիմնարար իրավունքների ոտնահարումը՝ խոսքի եւ ազատ արտահայտման, տեղաշարժի ազատության, հավաքների ազատության իրավունքների ոտնահարումը Կենտրոնի ոստիկանության կողմից, որը ոստիկանությունը չի վիճարկել, վերաքննիչ չէր դիմել, վճռաբեկ չի հասել գործը:

Սրանից հետո միայն մենք դատական ծախսերի եւ բարոյական վնասի փոխհատուցման հայց ենք ներկայացրել: Բարոյական վնասի չափով առաջնորդվել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համանման գործերով պահանջված բարոյական վնասի փոխհատուցման գումարի նվազագույն չափերի գումարի չափով, մոտավորապես 1 միլիոն դրամի մասին է խոսքը: Կարող էինք ասել 2, 3, 4 միլիոն հայցել, բայց մենք հայցել ենք մեկ միլիոն դրամ:

Դատարանն անհասկանալի պատճառով ահագին երկար ժամանակ ձգձգեց վճիռը կարդալը, վճռի կարդալու օր նշանակեց, հետո ետ կանչեց այդ օրը, նոր օր նշանակեց եւ այլն…Վերջը ինչ-որ մի առեղծվածային պատճառով որոշեց, որ դատական ծախսերը ոստիկանությունը մոտավորապես 500 հազար դրամի փոխարեն պետք է փոխհատուցի մեզ 300 հազար դրամի չափով: Իսկ բարոյական վնասի փոխհատուցումը մեկ միլիոն դրամի փոխարեն պետք է լինի 200 հազար դրամի չափով, ինչը մեզ չի գոհացնում: Սա լրացուցիչ բարոյական հարված է ինձ, հերիք չէ ինձ բռնել, տարել են, 3 ժամ պահել են ոստիկանությունում ապօրինի կերպով, որպեսզի ես չկարողանամ իմ բողոքը արտահայտել, սրանից հետո էլ ստիպված եմ եղել երկու տարի դատարաններ գնալ-գալ, ժամանակս ծախսել, միջոցներս ծախսել, հասնել այն վճռին, որով ճանաչվել է իմ իրավունքների խախտումը: Հիմա էլ որոշում է որ իր խելքով, որ ոչ թե մեկ միլիոն բարոյական վնաս է հասցրել ինձ, այլ ընդամենը 200 հազար դրամի չափով:

Մի քիչ էլ որ ջղայնացրեցին, արդեն 10 միլիոն դրամի հայց կներկայացնենք: Եվ թեպետ սա հաղթանակ է ու օրինակ է բոլոր տուժած քաղաքացիների համար, որոնք կուզեն, կարող են օգտվել այս օրինակից, մենք բողոքարկելու ենք վճիռը վճռաբեկ դատարան՝պահանջելով վնասի ամբողջ փոխհատուցումը, իսկ նյութական վնասի պահով ուշացման պատճառով տոկոսներ ենք պահանջելու դատարանից, որովհետեւ մարդուն փող են պարտք, ես էլ փող եմ ծախսել շատ կոնկրետ եւ պետք է փոխհատուցի ըստ պատշաճի, ոչ թե դատարանի քմահաճույքով: Հետո վճռաբեկ, հետո եթե պետք կլինի Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Չենք ունեցել այս մեկ ու կես միլիոնը երկու տարի՝ չենք ունենա եւս տասը տարի, բայց այդ հայցը կկրենք»:

Մեր հարցին՝ այսուհետ ոստիկանները կզգուշանա՞ն հավաքների ժամանակ մարդկանց ապօրինի ազատությունից զրկելու հարցում, պարոն Բարսեղյանը պատասխանեց, որ ոստիկաններն ինքնուրույն չեն որոշում նման բաներ անելը, այլ որոշողը նրանց վերադասներն են:

«Հրամանատարն է որոշում, ոստիկանության պետի տեղակալը, մսյո Օսիպյանն է որոշողը, էնտեղ մի դերասան կա ՝չա-չա-չա, ինքն է որոշողը, էդ բերման ենթարկել, բռնել-տանելը շարքային ոստիկանի կամքով չէ: Եվ հիմա, անգամ, երբ այս գումարը փոխհատուցվի, ոստիկանությունը պետք եղած ժամանակ կատարելու է Բաղրամյան 26-ից եկած հրամանները, կասի՝ լավ դե ջհանդամ պետբյուջեից կտաք, հո դուք ձեր ջեբից չենք տա, իսկապես պետբյուջեից են փոխհատուցել:

Կար, իհարկե, երկընտրանք, թե, այ մարդ, փողը, որ պահանջում ենք փոխհատուցել, լինելու է պետական բյուջեից, ափսոս չէ՞, բայց ես նայում եմ, ասում եմ մեռաք ուտելով դուք էդ պետական բյուջեն, ի՞նչ կլինի, որ ինձ հասցված բարոյական վնաս էլ հատուցեք պետբյուջեից, չանեիք, եւ այս հայցը չէր լինի:

Իրենք պիտի ծանրութեթեւ անեն նման հանցագործություններ կամ զանցանք կատարելը, իրենք իրավասությունն ու լիազորություններն անցնելիս, բայց ես շատ խրախուսում ու կոչ եմ անում տուժածներին, հարյուրավոր մարդիկ են, հազարն անց մարդիկ են, որոնք վերջին տարին ոստիկանության ապօրինի կերպով ոստիկանության ոտնձգությունների զոհ են դարձել, տարել են իրենց ոստիկանություն, պահել, բաց են թողել եւ որեւէ վարչական պատասխանատվության չեն ենթարկել կամ չեն կարողացել ենթարկել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031