Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով՝ նախորդ գիշեր ամենացուրտ ջերմաստիճանն արձանագրվել է Արմավիրի մարզի Զվարթնոց, Փարաքար ու հարակից բնակավայրերում՝ 5-6 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճան է արձանագրվել նաև Արմավիրի մյուս համայնքներում ու Արարատում: Այս մասին նա հայտարարեց կառավարության այսօրվա նիստի սկզբում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ցրտահարության խնդրին՝ գյուղատնտեսության նախարարին հորդորելով ներկայացնել իրավիճակը: «Այսօր սպասվում են նույն ցուրտ հոսանքները, այսօր և վաղն ավելի ցածր ջերմաստիճանային ռեժիմ կլինի: Մեր նախնական գնահատականով՝ որոշակի վայրերում մասնակի ցրտահարություններ եղել են, բայց կորուստների մասին հստակ տեղեկություն չունենք, որովհետև դեռ վաղ է»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Նա հավաստիացրեց, որ բարձրադիր գոտիներում ցրտահարություն լինել չի կարող:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ